ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որը տեղի ունեցավ հունվարի 25-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ ՌԴ նախագահի Սոչիի նստավայրում, անշուշտ, նախորդ շաբաթվա գլխավոր քաղաքական իրադարձությունն էր:
Սակայն Սոչիի գագաթնաժողովի արդյունավետության մասին, որտեղ քննարկումների հիմնական առարկան «Մադրիդյան սկզբունքների» թարմացված տարբերակն էր, բավականին բարդ է դատել՝ հաշվի առնելով բանակցությունների փակ ձևաչափը:
Հանդիպմանը անմիջականորեն հետևած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բավականին հակիրճ և լակոնիկ մեկնաբանությունները «Մադրիդյան սկզբունքների» թարմացված տարբերակի նախաբանի համաձայնեցման մասին չցրեցին գագաթնաժողովի ոչ պարզ արդյունքների շղարշը:
Լավրովի կարծիքով՝ հանդիպման գլխավոր արդյունքը ներկայացված փաստաթղթի վիճահարույց կետերի ձևակերպումների և գաղափարների մշակման մասին կողմերի պայմանավորվածությունն է, որոնք կավելացվեն «Մադրիդյան սկզբունքների» տեքստի մեջ:
Ըստ էության` Սարգսյան-Ալիև գրեթե յուրաքանչյուր հանդիպման արդյունքներն ուղեկցվում են նմանատիպ հայտարարություններով. որոշակի առաջընթաց կա միայն մի քանի կետերի շուրջ, սակայն բանակցությունների գլխավոր հարցերը մնում են չհամաձայնեցված:
Այս կապակցությամբ նշենք, որ ոչ պաշտոնական աղբյուրներից հայկական ԶԼՄ-ներ ստացված տեղեկատվության համաձայն՝ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ փաստաթղթի համաձայնեցված նախաբանում ընդգծվում է ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի առաջնահերթությունը, ինչպես նաև ասվում է բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղին ներգրավելու մասին:
Սակայն այս կապակցությամբ պաշտոնական հայտարարություններ չեն արվել:
Ըստ էության` Սարգսյան-Ալիև «հերթական» հանդիպման վերաբերյալ Հայաստանի ինչպես կոալիցիոն, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական ուժերի սկեպտիկ կանխատեսումներն արդարացան: Կանխատեսելով պետությունների նախագահների Սոչիի հանդիպման հնարավոր ելքը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը կասկած էր հայտնել հանդիպման արդյունքում բանակցային գործընթացում զգալի տեղաշարժերի մասին:
Գրեթե նույնատիպ կարծիք էր հայտնել Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը՝ ընդգծելով, որ Սարգսյան-Ալիև «հերթական» հանդիպումը չի պսակվի գործնական հաջողությամբ՝ հաշվի առնելով հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի անզիջում դիրքորոշումը:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարադության ու սպրոտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը կարծում է, որ զգալի առաջընթաց Ղարաբաղյան կարգավորման գործընթացում 2010 թ.-ին հազիվ թե տեղի ունենա: Դավթյանը հավելեց նաև, որ ընթացող բանակցությունների որոշակի գաղտնիությունը լիովին նորմալ է դիվանագիտական պրակտիկայում, և «շուտով հասարակայնությանը անպայման կտեղեկացվի ձեռք բերված պայմանավորվածությունների մասին»:
Սոչիի հանդիպումը ՀՀ և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումն է 2010 թ.-ին:
Բանակցությունների բազմամյա պրակտիկան հաստատում է, որ գործընթացի ողջ բարդությունը կողմերի սկզբունքորեն հակադիր և հաճախ փոխբացառող դիրքորոշումների մեջ է:
Այն դեպքում, երբ Հայաստանը պնդում է, որպեսզի հիմնարար սկզբունքներում հստակ ամրագրվեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի ժամկետներն ու մեխանիզմները, Ադրբեջանը հայտարարում է, որ պատրաստ է քննարկել ԼՂՀ-ի կարգավիճակի հարցը միայն այն բանից հետո, երբ նրան կվերադարձվեն ազատագրված տարածքները:
Ակնհայտ է, որ նման դասավորվածության դեպքում բանակցություններում զգալի տեղաշարժ կարելի է ակնկալել միայն երկու կողմերից էլ որոշակի զիջումների դեպքում: Հարցն այն է՝ թե երբ և կոնկրետ ինչ հարցում կողմերը պատրաստ կլինեն զիջումների գնալ:
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի Իրան կատարած մասնավոր այցից հետո Հայ-իրական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանեց Իրանի պատվիրակությունը՝ Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքիի գլխավորությամբ:
Այցի շրջանակներում Մոթաքին հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Չորեքշաբթի բրիֆինգի ժամանակ Մոթաքին հանդես եկավ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ նշելով, որ «Իրանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին:
Իրանի ԱԳ նախարարի այցի արդյունքում ստորագրվեին փաստաթղթեր, որոնք ընդլայնում են միջպետական համագործակցության հնարավորությունները և երկկողմ հարաբերությունների խորացման նոր հեռանկարները: Նախագահ Սարգսյանը Մոթաքիի հետ հանդիպման ժամանակ կարևորել է էներգետիկ, ենթակառուցվածքների և այլ բնագավառներում նախանշված խոշոր նախաձեռնությունների իրագործումը, որոնց նպաստակահարմարությունն արդարացված է քաղաքական ու տնտեսական հարթություններում:
Պակաս արդյունավետ չէր Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի երկօրյա այցը Երևան, որը տեղի ունեցավ նրա հայ գործընկեր Գագիկ Բեգլարյանի հրավերով:
Այցի արդյունքում ստորագրվել է համաձայնագիր «Առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մարդասիրական ոլորտներում համագործակցության մասին», մի շարք ծրագրեր՝ կրթության, մշակույթի, սպորտի, կանաչապատման, քաղաքային տնտեսության, համատիրությունների գործունեության ոլորտներում: Կողմերը ընդգծել են տեղական ինքնակառավարման, սոցիալական ապահովության, ներդրումների և փորձի փոխանակման, ինչպես նաև ուղղակի տնտեսական կապերի հաստատման և ապրանքաշրջանառության ավելացման ոլորտներում կապերի խորացման անհրաժեշտությունը:
ԵԽԽՎ կանոնակարգի, անձեռնմխելիության և ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովի՝ հայկական պատվիրակության մանդատները հաստատելու մասին երեքշաբթի ընդունած որոշումը ևս նախորդ շաբաթվա քննարկվող թեմաներից էր:
Հանձնաժողովի ընդունած որոշման համաձայն՝ «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցությունից պատգամավոր Արծրունի Աղաջանյանը զբաղեցրել էր մինչ այդ պատվիրակությունից դուրս եկած «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի տեղը:
Հունվարյան վերջին շաբաթվա նշանակալի իրադարձություններից էր նաև Հայկական ազգային բանակի հիմնադրման 18-րդ տարեդարձը: «Հայոց բանակը հայ ազգի արժանապատվությունն է, իսկ նրա կազմավորումն ու կայացումը պատմական նվաճում էր»,- իր ուղերձում հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Հայկական բանակի ստեղծման օր է համարվում 1992 թ.-ի հունվարի 28-ը, երբ ՀՀ կառավարությունը պատմական որոշում ընդունեց «ՀՀ Պաշտպանության նախարարության մասին» և հրապարակվեց նախարարի առաջին հրամանը:
Տոնի առթիվ ՀՀ նախագահի հրամանագրով հերթական ռազմական կոչումներն են շնորհվել ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ Լեոնիդ Մարտիրոսովին և ՀՀ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Արտակ Դավթյանին, իսկ մի շարք սպաների ու ազատամարտիկների առաջին և երկրորդ աստիճանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», «Մարտական ծառայության» և «Արիության համար» մեդալներ են շնորհվել:
Մարիա Հակոբյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիայի» թղթակից
