SELECTORNEWS
Загрузка...

09:30
9/02/2012
Ереван-Анкара
Թուրքական խաղեր
11:23 | 03/ 02/ 2010

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Օրերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը քննադատել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը՝ հայտարարելով, որ համանախագահները բավականին ջանքեր չեն գործադրում հակամարտության կարգավորման համար:

Իհարկե, միամտություն կլիներ Թուրքիայից ակնկալել օբյեկտիվություն և անաչառություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, սակայն Թուրքիայի վարչապետի արտահայտությունների ցինիզմը տպավորիչ էր:

 «Եթե համանախագահող երկրներն ասեին՝ «Սա այսպես պետք է լինի», ապա Հայաստանը կդադարեցներ օկուպացիան: Այժմ Հայաստանն օկուպանտ է: Դա հաստատում է ԱՄՆ-ն: Եթե բացակայի օկուպացիայի փաստը, ապա խնդիրներ չեն լինի: Սակայն, ցավոք, ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ն, ոչ Ֆրանսիան չխաղացին իրենցից ակնկալվող դերը», - նշել է Թուրքիայի վարչապետը:

«Կրտսեր եղբորն» աջակցելու Թուրքիայի ձգտումը հասկանալի է, սակայն դա չի արդարացնում Էրդողանի անպատասխանատու և հակասող հայտարարությունները, ով շտապում է Հայաստանին անվանել օկուպանտ՝ այդ «բառախաղի» մեջ անհիմն ներքաշելով Միացյալ Նահանգներին, ով չէր էլ մտածում Հայաստանին օկուպանտ անվանել:

Նախ՝ որքան էլ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանին օկուպանտ անվանեն, դրանից պատմությունը չի փոխվում: Դաշնակիցները պարզապես մանիպուլյացիայի են ենթարկում փաստերը՝ շփոթելով պատճառը հետևանքի հետ:

Խոսելով «օկուպացիայի» մասին՝ նրանք մոռանում եմ կամ ցանկանում են մոռանալ, թե, ըստ էության, ինչպես է ամեն ինչ սկսվել: Մոռանում են, որ, այսպես կոչված, «օկուպացված» տարածքները հայտնվել են Ադրբեջանի կողմից սկսած պատերազմի հետևանքով:

Սակայն իմաստ չունի ներկայացնել պատմությունը: Հետաքրքրական է մեկ այլ բան. ինչու՞ և ի՞նչ նպատակով է Թուրքիայի վարչապետը հենց այժմ որոշել նման աղմկահարույց հայտարարություններ անել:

Կա մի քանի տարբերակ: Նախ՝ Անկարան սկսում է հասկանալ, որ իր խոստումներին և Ադրբեջանի հույսերին հակառակ՝ Հայաստանը չի պատրաստվում զիջումների գնալ ղարաբաղյան հարցում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման փոխարեն: Իսկ «եղբայրների» առաջ ինչ-որ կերպ պետք է պահպանել դեմքը:

Եթե Թուրքիայի խորհրդարանը վավերացնի արձանագրությունները, դա, թեկուզ ժամանակավոր, սակայն կվիրավորի Ադրբեջանին: Այդ պատճառով անհրաժեշտ է պարբերաբար աղմկահարույց հայտարարություններ անել՝ դաշնակցին հիշեցնելու համար, որ նրանք «բիր միլլեթ՝ իքի դեվլեթ» (մեկ ազգ երկու պետություն) են՝ ներկայացնելով սեփական «սկզբունքայնությունը»:

Այսպես թե այնպես, Էրդողանի հայտարարություններն այնքան էլ նման չեն մի  պետության երկրորդ դեմքի հայտարարություններին, որը ձգտում է Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել: Եթե, իհարկե, Թուրքիան չի որոշել տապալել գործընթացը:

Սակայն այս տարբերակն իրական չի թվում: Թուրքիան պատճառներ չունի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից հրաժարվելու համար: Ավելին՝ բաց սահմանը Թուրքիային ավելի է անհրաժեշտ, քան Հայաստանին: Միակ խոչընդոտը, ըստ էության, Ադրբեջանն է:

Դժվար է հավատալ, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բազմամսյա գործընթացը կձախողի Ադրբեջանի պատճառով: Հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանը չի կարող երկար ժամանակով վիրավորվել Թուրքիայից:

Թուրքիայի վարչապետը հայտարարում է, որ եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ամենասկզբից ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանին օկուպանտ համարեին, ապա խնդիրը լուծված կլիներ, և հայ-թուրքական սահմանն այսօր բաց կլիներ:

Իսկապես, Թուրքիան ինքը փակեց Հայաստանի հետ սահմանը՝ ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության, իսկ շրջափակումը միջազգային իրավունքում ագրեսիայի նշան է: Միաժամանակ ագրեսորը բարոյական և իրավաբանական իրավունք չունի Հայաստանին համարել օկուպանտ:-0-

Շողիկ Վարդանյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակից

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»