ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթի մասնակցության ազգային ընտրությանը հաշված օրեր են մնացել, և, թեև մրցույթի կանոններով, հանդիսատեսն առայժմ գիտի միայն ազգային ընտրության եզրափակիչ անցած երգերը, արդեն ուրվագծվում են հայկական լսարանի ֆավորիտները։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գլխավոր տնօրենի հատուկ նախագծերի խորհրդական, նախագծի ղեկավար Դիանա Մնացականյանը, Հայաստանի ազգային ընտրական ժյուրին Եվրատեսիլ-2010-ի մասնակցության 10 երգ է ընտրել, որոնք փետրվարի 10-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կպայքարեն Օսլոյում Հայաստանը ներկայացնելու իրավունքի համար։
Երգի մրցույթին մասնակցելու հիմնական հավակնորդներն են հայտնի երգչուհի Էմմին և հայկական ծագում ունեցող նորահայտ ռուսական աստղ Եվա Ռիվասը։ Բացի այդ, մրցույթի մասնակցության հայտ են ներկայացրել 2008 թվականին Սոչիի «Հինգ աստղ։ Ինտերվիդենիե» փոփ-երաժշտության երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում հինգերորդ տեղը զբաղեցրած Ռազմիկ Ամյանը և երիտասարդ երգիչ Հայկ Կասպարովը։
Էմմիին հանդիսատեսը վաղուց է ճանաչում։ Նրա երաժշտական կարիերան սկսվել է Էմմիի մայրիկի՝ պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանի ղեկավարած «Հայեր» խմբից։ Էմմին բազմիցս ներկայացրել է Հայաստանը միջազգային ասպարեզում, մասնավորապես, երկու անգամ մասնակցել է Յուրմալայում կազմակերպվող «Նոր ալիք» մրցույթին։
Էմմին մի քանի անգամ փոխել է ոճը, հասցրել է երկրպագուների մեծ բանակ հավաքել։ Վերջերս Էմմին ստեղծել է իր բլոգը www.Livejournal.com հանրաճանաչ կայքում, որտեղ շփվում է երկրպագուների հետ, խոսում ստեղծագործական ծրագրերի մասին, վերջերս նույնիսկ իր ընկեր-բլոգերներին հրավիրել է իրենց տուն՝ մի բաժակ թեյի։
Ինչ վերաբերում է Եվա Ռիվասին, ապա նա մի քանի տարի հանդես է եկել ռուսական էստրադայում, ինչից հետո նկարահանել է իր առաջին տեսահոլովակը հայերեն լեզվով՝ կատարելով միջնադարի հայտնի հայ աշուղ Սայաթ-Նովային երգերից մեկը։
Եվրատեսիլի ընտրական փուլում Ռիվասը ներկայացրել է «Abricot stone» («Ծիրանի կորիզ») երգը, որի երաժշտության հեղինակն է արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մարտիրոսյանը, իսկ խոսքերի հեղինակը՝ հայտնի բանաստեղծ և կոմպոզիտոր Կարեն Կավալերյանն, ով նախորդ տարիներին Եվրատեսիլում ներկայացված մի շարք երգերի հեղինակ է։
Ի դեպ, Եվան նույնպես բլոգ ունի «Կյանքի ամսագրում», որից օգտվում է իր արվեստի երկրպագուների հետ շփվելու նպատակով։
Ինչպես և նախորդ տարի, ընտրական փուլի հաղթողը կորոշվի ժյուրիի և հեռուստադիտողի SMS-քվեարկության միջոցով։
Այս տարվա ազգային ընտրությունը բացառիկ է այն առումով, որ հավակնորդների թվում ակնհայտ ֆավորիտ չկա։ Ավելի ճիշտ, նրանք երկուսն են։ Եթե նախորդ տարիներին անհայտ և քիչ հայտնի տասնյակ կատարողների թվում առանձնանում էր հայրենական էստրադայի մեկ վառ աստղ, ապա այս տարի հայկական երաժշտության պատիվը պաշտպանելու իրավունքի համար կպայքարեն միանգամից երկու աստղ, ընդ որում՝ մեկը մյուսից ավելի վառ։
Ուրախալի է նաև, որ հայ հանդիսատեսը վերջապես կկարողանա ընտրել երկու տաղանդավոր օրիորդներից մեկին, այլ ոչ միայն, այլընտրանք չունենալով, քվեարկել միակ թեկնածուի համար։
Ով էլ հաղթի ընտրական փուլում, կարևորն այն է, որ հեղինակավոր մրցույթում 2006 թվականից մասնակցող Հայաստանը ներկայացնի մի կատարող, ով կարողանա բարելավել հայտնի երգչուհի Սիրուշոյի՝ 2008 թվականի չորրորդ արդյունքը։ -0-
