ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հետևելով փետրվարի 10-ին Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում արած իր հայտարարությանը, հայ-թուրքական արձանագրությունները ներկայացրել է խորհրդարանի վավերացմանը:
Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից
ՀՀ նախագահը Chatham House-ի ամբիոնից հաստատեց այդ գործընթացին Հայաստանի հետևողականորեն հետամուտ լինելը: «Որպես խորհրդարանական մեծամասնության քաղաքական առաջնորդ՝ բացառում եմ Թուրքիայի կողմից արձանագրությունները, պայմանավորվածության համաձայն` առանց նախապայմանների վավերացման դեպքում Հայաստանի խորհրդարանի կողմից դրանց վավերացման տապալումը», - ասել է ՀՀ նախագահը:
ՀՀ Ազգային ժողովն իր հերթին արդեն հաստատել է արձանագրությունները ստանալու փաստը: Կանոնակարգի համաձայն, Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը երկու աշխատանքային օրվա ընթացքում պետք է շրջանառության մեջ դնի արձանագրությունները և համապատասխան հանձնաժողով ստեղծի: Արձանագրությունների շուրջ ընթացող քննարկումների ժամանակ որպես նախագահի ներկայացուցիչ հանդես կգա ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Վերը նշված իրադարձություններից գրեթե մի քանի ժամ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ելույթ ունենալով «Հայ-թուրքական հարաբերությունները և միջսահմանային ռեգիոնալիզմ» թեմայով հանրային քննարկումներին, հայտարարել է, որ Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեպքում Հայաստանի խորհրդարանում դրանց վավերացմանը որևէ խոչընդոտ չի լինի:
Հայաստանի վարչապետն այս կապակցությամբ ընդգծեց նաև, որ Մեծ Բրիտանիայում նախագահ Սարգսյանի ելույթն ապացուցում է, որ «Հայաստանի իշխանությունները՝ նախագահի գլխավորությամբ, քաղաքական կամք են դրսևորում Հայաստանի և Թուրքիայի միջև ձևավորված կարծրատիպերը հաղթահարելու և երկու երկրների միջև նոր հարաբերություններ ձևավորելու ուղղությամբ»:
Հայ-թուրքական հարաբերությունների հարթակում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբեյալ իրենց գնահատականներն են տվել նաև Հայաստանի փորձագիտական հանրության ներկայացուցիչները: Թուրքագետ Արտակ Շաքարյանը կարծում է, որ հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարան ուղարկելով՝ Հայաստանը ցույց տվեց միջազգային հանրությանը, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի դանդաղումը կամ ձգձգումը հնարավոր է բացառապես Թուրքիայի մեղքով:
Հույս հայտնելով, որ ՀՀ խորհրդարանը Անկարայից շուտ արձանագրությունները չի վավերացնի՝ Շաքարյանը նշեց, որ «Անկարայում արձանագրությունների վավերացման գործընթացը, ավելի շուտ, կանցնի շատ բուռն կերպով և առանց Մոսկվայի և Վաշինգտոնի կողմից ճնշման, կարող է ձգձգվել մեկ, երկու կամ երեք տարով»:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ հայ-թուրքական արձանագրությունները վավերացման համար ԱԺ ուղարկելը նորմալ գործընթաց է, և արտակարգ ոչինչ այդտեղ չկա: Նա նաև այն կարծիքին է, որ ՀՀ խորհրդարանը «պետք է քննի ու վավերացնի արձանագրությունները միայն այն ժամանակ, երբ որևէ քայլ արվի Թուրքիայի կողմից»:
Շտապեցին այս թեմայի շուրջ իրենց վերաբերմունքը հայտնել նաև ընդդիմադիր ուժերը: «Ժառանգություն» հայկական կուսակցությունը մինչ արձանագրությունները խորհրդարան ուղարկելը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ ԱԺ օրակարգում հայ-թուրքական արձանագրությունները ներառելու օրը խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա կսկսի:
Ոչ պակաս ակտիվ գործողություններ է պատրաստում ձեռնարկել նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը, որը մտադիր է Ազգային ժողովի պատգամավորների շրջանում ստորագրահավաք սկսել՝ հայ-թուրքական արձանագրությունների՝ դրանց ներկայիս տեսքով վավերացման դեմ, այն դեպքում, եթե խորհրդարանը սկսի դրանց քննարկման գործընթացը:
Ինչպես հայտարարեց ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, փորձը ցույց է տալիս, որ իշխող կուսակցությունների հայ պատգամավորները կարող են քվեարկել կոալիցիայի որոշմանը հակառակ, եթե հարցը վերաբերում է անձամբ իրենց: «Եթե մեզ հաջողվի դիպչել նրանց ինքնասիրությանը՝ բացատրելով վավերացման հակազգային բնույթը, ապա գուցե հնարավոր լինի խուսափել դրանից»,- ասաց նա:
Այսպիսով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքի տերն է՝ հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության» հարցում նոր էջ բացելով: Գնդակը կրկին Թուրքիայի դաշտում է, և ոչ միայն երկու երկրների, այլև ողջ աշխարհի հասարակությունը պատրաստվել է հետաքրքրությամբ հետևել, թե ինչպես, ինչ կարգով և ինչպիսի արագությամբ կզարգանան հետագա իրադարձությունները:-0-
