SELECTORNEWS
Загрузка...

13:36
9/02/2012
Давид Бабаян
Լատինաամերիկյան սամբա. Անտարկտիկայում թեժանում է աշխարհաքաղաքական պայքարը
14:50 | 02/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Վերջերս Լատինական Ամերիկայում տեղի են ունենում մի շարք չափազանց ծանոթ իրադարձություններ: Այդ իրադարձություններն անմիջականորեն կապ ունեն միմյանց հետ և որոշակիորեն արտացոլում են համաշխարհային քաղաքականության մեջ Լատինական Ամերիկայի երկրների կողմից իրենց տեղի և դերի տեսությունը:

Առաջին իրադարձությունը, որը համաշխարհային լուր դարձավ, Ֆոլկլենդյան/Մալվինյան կղզիների շրջանում նավթային պաշարների շահագործման վերաբերյալ Մեծ Բրիտանիայի ծրագրերի նկատմամբ Արգենտինայի արձագանքն է: Կղզիները գտնվում են Արգենտինայի մոտ, սակայն պատկանում են Մեծ Բրիտանիային: Ինչպես հայտնի է, 1982թ.-ին այդ երկու երկրների միջև ռազմական գործողություններ ծավալվեցին այդ կղզիների պատճառով, և այդ ժամանակ Բրիտանիան պարտության մատնեց Արգենտինային: Սակայն այժմ Բուենես Այրեսը կրկին հայտարարում է կղզիների նկատմամբ իր իրավունքների մասին՝ սակայն այս անգամ բողոքելով կղզիների ջրատարածքում ածխաջրածնի շահագործման մասին Լոնդոնի ծրագրերի դեմ:

Ֆոլկլենդյան կղզիները Բրիտանիայի անդրծովյան տարածքներն են, որոնք ինքնավար են: Կղզիների բնակչության մեծամասնությունը Շոտլանդիայի և Ուելսի բնակիչների հետնորդներն են և կողմ են Բրիտանիայի հետ միությանը: Սակայն Արգենտինան կղզիները համարում է պատմական հողեր և 1883 թ.-ից նրանց նկատմամբ պահանջներ է ներկայացնում:

Սակայն Մեծ Բրիտանիան կղզիների մոտ արդեն տեղադրել է «Ocean Guardian» հորատման սարքը, որը պատրաստվում է սկսել նավթի որոնումը: Մի շարք փորձագետներ կարծում են, որ Ֆոլկլենդյան կղզիների ջրատարածքում նավթի պաշարները կարող են հասնել 9,7 միլիարդ տոննայի: Այստեղ կան նաև բնական գազի մեծ պաշարներ: Հասկանալի է, որ այս պաշարների կարիքն ունի նաև Արգենտինան՝ հատկապես հաշվի առնելով այդ երկրի տնտեսական վիճակը:

Այդ տարածքների մշակման վերաբերյալ բրիտանացիների ծրագրերին ի պատասխան՝ Արգենտինայի նախագահը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ կղզիների նավահանգիստների հետ կապված ցանկացած առևտրային և ծովային գործողությունները, ինչպես նաև Արգենտինայի ջրատարածքների հատումը պետք է համապատասխան թույլտվություն ստանան Արգենտինայի կողմից: Բացի այդ, Արգենտինան դիմել է ՄԱԿ-ին՝ բողոքելով Մեծ Բրիտանիայի գործողությունների կապակցությամբ, դա պատճառաբանելով նրանով, որ մշակելով կղզիների նավթագազային պաշարները՝ Լոնդոնը խախտում է միջազգային իրավունքի նորմերը:

Բրիտանացիներն իրենց հերթին հայտարարում են, որ իրենց գործողություններն ամբողջովին համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին և հիմնվում են կղզիաբնակների ինքնորոշման և կղզիների նկատմամբ բրիտանական ինքնավարության անքակտելի իրավունքների վրա:

Սակայն արգենտինացիները մտադիր չեն հաշտվել այդ ամենի հետ և ակտիվորեն իրենց կողմն են գրավում Լատինական Ամերիկայի երկրներին: Լատինաամերիկյան երկրները գրեթե միաձայն աջակցեցին Արգենտինային Մեքսիկայի Քանքուն քաղաքում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ: Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը նույնիսկ հայտարարեց, որ Բրիտանիան պետք է գիտակցի, որ կայսրության ժամանակաշրջանն արդեն անցյալում է:

Սակայն Ֆոլկլենդյան կղզիների պատճառով Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի վեճն ավելի խորը գործընթացներ է արտացոլում, առաջին հերթին՝ Անտարկտիկայում բավականին լայն հատվածների նկատմամբ երկու երկրների պահանջները: Իսկ Ֆոլկլենդյան կղզիներն այստեղ գլխավոր բաղկացուցիչն են, Անտարկտիկայում, մասնավորապես Անտարկտիկայի բրիտանական տարածքում վերահսկման և ներկայության ապահովման ուղղությամբ Մեծ Բրիտանիայի հենակետը:

Բավական է նշել, որ միայն Ֆոլկլենդյան կղզիներն են բնակեցված: Այստեղ կարևոր դեր են խաղում նաև Սանդվիչի կղզիներն ու Հարավային Ջեորջիա կղզին: Ժամանակին այս կղզիներում ևս կառավարում էր Ֆոլկլենդյան կղզիների բրիտանացի փոխարքան: Բրիտանացիների հավակնության տակ գտնվող Անտարկտիդայի հատվածը գրեթե համընկնում է այն տարածքի հետ, որին հավակնում են Արգենտինան և Չիլին: Այսպիսով, Ֆոլկլենդյան կղզիների համար վեճերը Անտարկտիկայի համար մղվող պայքարի ճակատներից մեկն են միայն: Այսօրվա դրությամբ Անտարկտիդայի հատվածների համար հավակնում են մի քանի երկրներ: Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Նորվեգիան, Ավստրալիան և Նոր Զելանդիան ընդունել են միմյանց պահանջները: Արգենտինան և Չիլին, ինչպես արդեն նշվել է, հավակնություն ունեն այն տարածքների նկատմամբ, որոնք գրեթե համընկնում են Բրիտանիայի տարածքների հետ:

Միաժամանակ, Անտարկտիդայում, ըստ գիտնականների կանխատեսումների, թաքնված են ածխաջրածնի, մետաղների և այլ օգտակար հանածոների հսկայական պաշարներ: Ավելին, կգա ժամանակը և Անտարկտիդան կդառնա աշխարհում խմելու ջրի գլխավոր աղբյուրներից մեկը, հատկապես այն երկրների և տարածաշրջանների համար, որոնք արդեն ջրի պակասի հետ կապված լուրջ խնդիրներ ունեն: Այդ տարածքներից են, օրինակ, հասարակածից հյուսիս ընկած Աֆրիկայի հատվածը, Մերձավոր Արևելքը, Ավստրալիան և այլն: Մի շարք պետություններ արդեն այսօր պայքարում են սառցե մայրցամաքի ռեսուրսների համար և կարելի է, մեծ համոզմամբ, ենթադրել, որ այստեղ ժամանակի ընթացքում աշխարհաքաղաքական պայքարն ավելի կթեժանա:

Քանքունում կայացած գագաթնաժողովի ժամանակ Լատինական Ամերիկայի և Կարիբյան կղզիների երկրները պայմանավորվել են նաև նոր ամերիկյան տարածաշրջանային դաշինքի ստեղծման մասին, սակայն առանց ԱՄՆ-ի և Կանադայի մասնակցության: Այդ դաշինքը կարող է Ամերիկյան պետությունների կազմակերպության այլընտրանքը դառնալ, որը վերջին 50 տարվա ընթացքում Հյուսիսային և Հարավային Ամերիկաների երկրների հիմնական տարածաշրջանային համաժողովն էր: Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդելոնի խոսքերով՝ նոր դաշինքը կնպաստի նրա անդամների միջև տնտեսական ինտեգրմանն ու կմշակի գլոբալ մակարդակում տարածաշրջանային ռազմավարությունը: Եվ առաջին նման քայլը դարձավ Ֆոլկլենդյան կղիզների նկատմամբ ընդհանուր դիրքորոշումը:

Այս դաշինքը, իսկապես, կարող է դառնալ գլոբալ խաղացող կամ գերտարածաշրջաններից մեկը, որը բաղկացած է տարբեր շահեր ունեցող երկրներից և հաշվի առնելով դա՝ ի վիճակի չլինելով օբյեկտից վերածվել աշխարհաքաղաքական սուբյեկտի: Նմանատիպ գերտարածաշրջանների թվին կարելի է դասել, օրինակ, ԵՄ-ն: Նման տարածաշրջանի ստեղծման նկատմամբ հատուկ ակտիվություն է դրսևորում ԱՄՆ-ն: Ինչպե՞ս կզարգանա իրավիճակը այս տարածաշրջանում, ցույց կտա ժամանակը: Պարզ է մի բան, որ համաշխարհային աշխարհաքաղաքական ճարտարապետությունը թևակոխում է ձևափոխումների նոր փուլ: -0-

Քաղաքագետ Դավիթ Բաբայան, հատուկ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»