SELECTORNEWS
Загрузка...


15:39
19/05/2012

Бернар Фасье
Բեռնար Ֆասիեի «թարգմանության դժվարություննե՞րը»
15:21 | 16/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի խոսքերը՝ ասված Երևանում ՆԱՏՕ ԽՎ «Ռոուզ Ռոթ» սեմինարի ընթացքում, որոնք լսվեցին եվրոպական երկրների բազմաթիվ պատվիրակների, ադրբեջանցի և թուրք քաղաքական գործիչների, քաղաքագետների կողմից, հիստերիա առաջացրեցին հարևան Ադրբեջանում։

Ֆասիեն, ով սեմինարի ընթացքում խոսում էր մայրենի ֆրանսերենով,  պատասխանելով ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման հնարավորության վերաբերյալ հավաքված պատվիրակների հարցերին, ասաց հետևյալ բառերը, որոնք թարգմանչի կողմից համաժամանակյա թարգմանությամբ թարգմանվեցին հայերեն և մեջբերվեցին «Նովոստի-Արմենիա» գործակալության կողմից։

«Պատկերացրեք, որ պատերազմը սկսվում է, պատկերացրեք, որ Ադրբեջանը, ենթադրենք, հաղթում է, ինչը հնարավոր չէ, քանի որ ես գիտեմ հայ, և, մասնավորապես, ղարաբաղցի մարտիկների մարտունակության մասին»։

Ասել, թե տվյալ հայտարարությունն Ադրբեջանում վրդովմունք է առաջացրել, նշանակում է չասել ոչինչ։ Ադրբեջանական ԶԼՄ-ներն ու քաղաքագետները, մեկնաբանելով Ֆասիեի խոսքերը, բավականին տհաճ արտահայտություններ են թույլ տվել ոչ միայն Հայաստանի և ԼՂՀ-ի հասցեին, ինչը, մեծ հաշվով, զարմանալի չէ, այլև հենց համանախագահի հասցեին։ Օրինակ, ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն նույնիսկ ենթադրություն է արել, որ ֆրանսիացի դիվանագետը խոսել է ոչ սթափ վիճակում։

«Այդ հայտարարությունը վկայում է կամ նրա մոտ դիվանադիտական որակավորման բացակայության մասին, կամ էլ նրա ասած խոսքերը հնչել են ալկոհոլային գոլորշիների ազդեցության ներքո։ Կարծում եմ, որ դա ամեն դեպքում թթի օղու ազդեցությունն է»,- իր գաղափարները կիսել է Գուլուզադեն։

Անշուշտ, բավականին հատկանշական է, որ ղարաբաղյան թթի օղու արժանիքները հարևաններն այդքան բարձր են գնահատել, բայց հանուն ճշմարտության հարկ է նշել, որ Ֆասիեն սեմինարի ընթացքում միանգամայն սթափ է եղել և իրեն միանգամայն ադեկվատ է պահել։

Ինքը՝ ֆրանսիացի միջնորդը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հեռախոսազրույցի ժամանակ այս «ձևակերպումը» բացատրել է նրանով, որ որպես դիվանագետ և զինվորական՝ իրեն չի կարող թույլ տալ գնահատել այս կամ այն երկրի զինված ուժերի վիճակը կամ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու՝ պետության պատրաստակամությունը։

Բացի այդ, Ֆասիեն դժգոհություն է հայտնել Երևանում իր ֆրանսերեն ելույթի թարգմանության մակարդակից՝ նշելով, որ թարգմանությունները անգլերեն և ռուսերեն լեզուներով շատ անհաջող են եղել։

Սակայն ֆրանսիացի միջնորդը, հնարավոր է, նկատի չի առել այն փաստը, որ ռուսերեն թարգմանություն չի իրականացվում, և սեմինարի ընթացքում ապահովվել է  հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուներով թարգմանություն։ Բացի այդ, հայ թարգմանիչները սովորություն չունեն ոչ ճիշտ թարգմանություն անել, և առավել ևս՝ հռետորին վերագրել խոսքեր, որոնք նա չի արտաբերել։

Եվս մեկ փաստարկ. «Ռոուզ Ռոթ» սեմինարին մասնակցած ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Մամեդովը հաստատել է, որ ֆրանսիացի դիվանագետի սկանդալային արտահայտության փաստն իրոք եղել է։

«Նա խոսում էր ֆրանսերեն, և ես, և բոլոր ներկաները, լսում էի նրա ելույթի թարգմանությունն անգլերեն լեզվով»,- ասաց Մամեդովը։

Ֆասիեի խոսքերը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հաստատել է նաև ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում նախագահող հայկական խորհրդարանի պատգամավոր Ստեփան Սաֆարյանը։

«Ես լսել եմ պարոն Ֆասիեի ֆրանսերեն ելույթը։ Ես գերազանց տիրապետում եմ ֆրանսերենին և շատ լավ հասկանում եմ այդ լեզուն, բացի այդ, ես լսել եմ Ֆասիեի ամբողջ ելույթը ֆրանսերենով և կարող եմ ասել, որ համանախագահ Ֆասիեն նման հայտարարություն արել է։ Ես պետք է դա հաստատեմ՝ որպես այդ նստաշրջանում նախագահող»,- ասաց Սաֆարյանը։

Ինչպես տեսնում ենք, համանախագահի խոսքերը, թեև այդքան տհաճ ադրբեջանական կողմի համար, ասվել են նրա կողմից Երևանում։ Տարակուսանք է առաջացնում միայն մեկ փաստ՝ ինչու՞ անել մի հայտարարություն, որն անխուսափելիորեն կառաջացնի կողմերից մեկի բացասական արձագանքը, իսկ այնուհետև հերքել սեփական խոսքերը։ Այստեղ կարելի է հիշել ֆրանսիացի համանախագահի մյուս խոսքերն՝ ասված նույն սեմինարի ընթացքում այն մասին, որ համանախագահները Հայաստանում հայամետ, և Ադրբեջանում ադրբեջանամետ հայտարարություններ չեն անում։

Օրինակ, թարգմանության նման «անճշտություններից» խուսափելու համար,  թարգմանության որակին կասկածող համանախագահը գուցե պետք է նմանատիպ միջոցառումներին իր հետ բերի իր թարգմանիչների, ում որակավորումը կասկած չի հարուցի և ովքեր կարող են եթե չթարգմանել համանախագահների ելույթներին, ապա գոնե հետևեն նմանատիպ միջոցառումների կազմակերպիչների կողմից ապահովվող թարգմանության ճշգրտությանը։

Դա թույլ կտա հայ կազմակերպիչներին խուսափել հնարավոր դժգոհություններից, իսկ հայ թարգմանիչներին՝ անհիմն մեղադրանքներից։

Կարելի է առաջարկել օգտագործել նաև այնպիսի մոդել, ինչպես համանախագահների հանդիպումը չեզոք տարածքում, որտեղ երեք գերտերությունների միջնորդները կարող են լրագրողներին ներկայացնել իրենց դիրքորոշումը պարզ և հստակ՝ ապահովելով սեփական թարգմանությունը, որի ճշգրտությանը ոչ ոք կասկածել չի կարող։

Իսկ մշտապես «թարգմանիչը միշտ սխալ է» սկզբունքը օգտագործել չի կարելի, առավել ևս, որ հայ լրագրողներն առաջին անգամ չէ, որ բախվում են «թարգմանության նմանատիպ բարդությունների»։ Բազմիցս իր խոսքերից հրաժարվելու պրակտիկա էր բանեցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան, ով պնդում էր, թե իր խոսքերն աղավաղում են կամ ադրբեջանական, կամ հայկական ԶԼՄ-ները։

Անժելա Օսիպովա, «Նովոստի-Արմենիա» գործակալության տեսաբան։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»