ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայ Առաքելական Եկեղեցին ողջունում է հայ-ադրբեջանական դիմակայության հարցում Ռուս Ուղղափառ Եկեղեցու միջնորդական առաքելությունը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:
«Հակամարտության առաջին օրերից սկսած՝ Ռուս Ուղղափառ Եկեղեցին նախաձեռնել և առաքելություն է ստանձնել: Դուք գիտեք, որ ռուս Պատրիարքների միջնորդությամբ բազմաթիվ անգամ անցկացվել են տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ, իսկ հաճախ նաև քառակողմ հանդիպումները», - ասաց նա:
Վահրամ քահանա Մելիքյանի խոսքերով, այս ամենը ողջունելի է, քանի որ նպատակաուղղված է միայն հակամարտության խաղաղ և արդար կարգավորմանը:
Նա մեկնաբանել է նաև Կիրիլի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մուսուլմանների առաջնորդ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահ Շյուքուր Փաշազադեի անունից Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին՝ Բաքվում կայանալիք ԱՊՀ երկրների երկրորդ միջկրոնական գագաթնաժողովին մասնակցելու հրավերի փոխանցման հարցը: ԱՊՀ երկրների երկրորդ միջկրոնական գագաթնաժողովը նախաձեռնել է ԱՊՀ Միջկրոնական խորհուրդը, այն կանցկացվի ապրիլի 26-27-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:
«Այդ հրավերը ստացվել է: Այն կքննարկվի և որոշ ճշտումներից հետո տեղեկություն կտարածվի վերջնական որոշման մասին», - ասել է քահանա Մելիքյանը:
Գնահատելով Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի այցը Հայաստան՝ Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչն ընդգծել է այցի երեք օրվա ընթացքում տարբեր արարողությունների և միջոցառումների ժամանակ տիրող եղբայրական մթնոլորտը:
«Այն փաստը, որ հոգևոր հայրերը մասնակցել և հանդես են եկել համատեղ արարողություններում, դարձավ երկու եկեղեցիների միջև գոյություն ունեցող եղբայրության և համագործակցության լավագույն դրսևորումը», - ասաց Վահրամ քահանա Մելիքյանը:
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը մարտի 16-18-ը գտնվում էր Հայաստանում: Այցի շրջանակներում երկու եկեղեցիների առաջնորդները Գրիգոր Լուսավորիչ տաճարում մասնակցել են համատեղ աղոթքի, ինչպես նաև Երևանում ռուսական նոր եկեղեցու հիմնաքարի օծման արարողությանը:
Բացի այդ Պատրիարք Կիրիլն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում են ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Հայաստանի ռուսական համայնքի, ինչպես նաև ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Պատրիարքին է հանձնել Առաքելական Եկեղեցու բարձրագույն պարգևը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի շքանշանը՝ ի նշան աշխարհասփյուռ հայության կողմից տածած խորը հարգանքի:
Պարգևատրման արարողության ժամանակ Գարեգին Երկրորդը նշել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու դերը՝ առավել զորացման ու պայծառության, մարդկանց սրտերում հոգևոր սրբարար արժեքների ամրապնդման, նոր սերնդի քրիստոնեական դաստիարակության, ինչպես նաև` այսօր մարդկային կյանքը հուզող մարտահրավերների հաղթահարման համար հոգևոր ուղենիշների մշակման, միջկրոնական հանդուրժողականության զորացման, միջեկեղեցական հարաբերությունների արգասավորման, մարդու և ժողովուրդների իրավունքների պաշտպանության ոլորտներում, ինչը սրտամոտ և մեծապես ողջունելի է նաև Հայ Եկեղեցու և համայն հայ ժողովրդի համար:
Նա երախտագիտությամբ է ընդգծել նաև Ռուս Ուղղափառ Եկեղեցու` հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերած եղբայրական զորակցությանը, Հայոց Ցեղասպանության դատապարտման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի հոգևոր Առաջնորդների հանդիպումների կազմակերպմամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդար ու խաղաղ լուծման գործում ներդրած ջանքերին:
Գագիկ Բաղդասարյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության տեսաբան
