ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախորդ շաբաթվա ամենավառ իրադարձությունը դարձավ Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի խորհրդակցական եզրակացությունը, որում նշվում է, որ Կոսովոյի անկախության ինքնահռչակումը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին: Թեև, ի տարբերություն ՄԱԿ-ի ՄԴ որոշման, խորհրդակցական եզրակացությունները չունեն պարտադիր ուժ, սակայն կարող են հանգեցնել լուրջ քաղաքական հետևանքների:
«Կոսովոյի անկախությունն անշրջելի է: ՄԴ-ի եզրակացությունն այս հարցի շուրջ իրավաբանական վեճն ավարտող կարևոր փուլ է, ինչը թույլ կտա բոլոր կողմերին զբաղվել այլ չլուծված հարցերով: Կոսովոյի և Սերբիայի ապագան կապված է ԵՄ-ի հետ, և եթե, վերջապես, այդ խնդիրը լուծվի, ապա կարելի կլինի հանգիստ լինել տարածաշրջանի անվտանգության և կայունության համար», - հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները:
Կոսովոյի վերաբերյալ եզրակացության ընդունումից հետո Երևանում և Ստեփանակերտում չկարողացան անուշադրության մատնել նման իրադարձությունը:
«Այդ որոշումը, իսկապես, աննախադեպ էր այն իմաստով, որ առաջին անգամ Միջազգային դատարանն անդրադարձավ ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության խնդրին և դրանց հարաբերակցությանը՝ ընդունելով հենց այն որոշումը, որը ելնում է ՄԱԿ-ի կանոնադրությունից», - նշել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Բացի այդ, Քոչարյանի խոսքերով՝ Միջազգային դատարանը հաստատել է երկու ալբանական պետությունների գոյության իրավունքը:
«Այդ դեպքում ի՞նչ գին ունեն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, ովքեր պնդում են, որ հայերը չեն կարող ինքնորոշվել երկու անգամ և ունենալ երկու պետություն», - նշեց Քոչարյանը:
ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանն, ի տարբերություն Սերբիայի, երբեք չի դիմի ՄԱԿ-ի Միջազգային դատարան:
Միաժամանակ պաշտոնական Ստեփանակերտը հայտարարում է, որ միայն ուրախ կլինի, եթե Միջազգային դատարանի որոշումն ազդի ղարաբաղյան հակամարտության դրական լուծման վրա, սակայն հիշեցնում է, որ ղարաբաղյան կողմը հասել և շարունակելու է հասնել ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանն՝ անկախ Կոսովոյի շուրջ տեղի ունեցած իրադարձություններից: Ղարաբաղում չեն կասկածում, որ նման ճանաչումն անխուսափելի է:
Ադրբեջանական երևակայություններ
Ադրբեջանական ԶԼՄ-ները չեն դադարում պնդել, որ Հայաստանը, իբրև թե, խոչընդոտում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Սակայն վերջին իրադարձությունների, այն է՝ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման, ինչպես նաև դրան հետևած Ադրբեջանի կողմից սահմանի վրա իրականացրած սադրանքի վերլուծությունը վկայում է հակառակի մասին:
Ադրբեջանի ռազմավարությունն է փորձել վախեցնել հայկական հասարակությանը, հանգստացնել սեփական ժողովրդին և շանտաժի ենթարկել միջազգային հանրությանը: Միաժամանակ Ալմաթիում ընդունված համատեղ հայտարարության մեջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների արտգործնախարարությունների պատվիրակությունների ղեկավարները՝ Սերգեյ Լավրովը, Բեռնար Քուշները և ԱՄՆ պետքարտուղարի տեսակալ Ջեյմս Սթեյնբերգը կոչ են արել կողմերին հետամուտ լինել Հելսինկյան ակտի դրույթներին, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը:
Միաժամանակ Երևանը հայտարարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հետամուտ լինելու մասին, իսկ վերջնական լուծումն անհնար է առանց ղարաբաղյան կողմի լիարժեք մասնակցության: Բաքուն, վաղ թե ուշ, ստիպված կլինի համակերպվել նման մասնակցության հետ, չնայած այժմ Ադրբեջանը դարձել է սեփական քարոզչության գերին:
«Խնդիրն այն է, որ Ադրբեջանը չի ցանկանում ԼՂՀ մասնակցությունը որպես լիիրավ կողմ, քանի որ դա հակասում է նրանց քարոզչամեքենայի խեղաթյուրված ձևակերպումներին այն մասին, որ սա Հայաստանի և Ադրբեջանի տարածքային վեճն է», - կարծում է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:-0-
