SELECTORNEWS
Загрузка...

09:13
9/02/2012
Россия-Армения
Ռազմական դաշինք Ռուսաստանի հետ և իրարանցում հայկական բանակում. շաբաթվա արդյունքները
15:08 | 09/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Նախորդ շաբաթ պաշտոնական Երևանը հաստատեց հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշնակցության ամրապնդման գործում իր վճռականությունը: Մասնավորապես, ինչպես Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը ծրագրվում է երկարացնել գրեթե կրկնակի անգամ:

«Ռուսաստանը երկարացնում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում: Այդ պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո նախատեսված 25 տարվա փոխարեն ռազմաբազան Հայաստանում կգործի 49 տարի՝ կողմերի համաձայնության դեպքում երկարաձգման հնարավորությամբ», - ասել է Բաղդասարյանը:

Բացի այդ, ՌԴ-ն` հայկական Զինված ուժերի հետ համատեղ, ապահովելու է Հայաստանի անվտանգությունը: «Խոսքը երկրի ողջ տարածքի մասին է», - նշել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանը շահագրգռված է դաշնակից Հայաստանում պատշաճ մակարդակով ռազմական ներկայություն ապահովելու հարցում: Բաղդասարյանը հիշեցրել է, որ Երևանի և Մոսկվայի դաշնակցային հարաբերությունները կառուցվում են առնվազն երկու հարթակում՝ որպես մոտ ռազմաքաղաքական դաշնակիցներ և ՀԱՊԿ-ի անդամներ:

Այս համագործակցության շրջանակներում Երևանն ու Մոսկվան մտադիր են ռազմական-արդյունաբերական համալիրի արտադրանքի համատեղ արտադրություն սկսել:

Այս համատեքստում Հայաստանը լրջորեն պատրաստվում է օգոստոսին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցին:

«Հայաստանում հետաքրքիր գագաթնաժողով է սպասվում: Համոզված եմ, որ մենք կունենանք նոր, հետաքրքիր և ապագային նպատակաուղղված ծրագրեր», - կարծում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը: Նա նաև ընդգծել է, որ ՌԴ նախագահի՝ օգոստոսին նախատեսված այցը Հայաստան նոր որակ կհաղորդի հայ-ռուսական հարաբերություններին և երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի կհասցնի:

Օգնություն դաշնակցին

Երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների վառ ապացույցը դարձավ հրդեհների մարման գործում օգնություն ցուցաբերելու նպատակով Ռուսաստան  փրկարարներ գործուղելու Հայաստանի որոշումը:

Չորեքշաբթի հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը հայկական հրշեջ-փրկարարական խմբին բնական աղետի դեմ տարվող աշխատանքներում ներգրավելու շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

«Հայ ժողովուրդը լավ գիտի, թե նման իրավիճակներում որքան կարևոր է բարեկամ երկրների աջակցությունը», - նշել է Սարգսյանը:

Ռուսաստան է մեկնել 28 հոգուց բաղկացած հրշեջների խումբ, որոնք Նիժնի Նովգորոդում և Տենգուշևոյում մասնակցում են հրդեհների մարման աշխատանքներին:

Օգոստոսի 4-ին Իլ-76 երկու ինքնաթիռ հրշեջների  և 10 տոննա տարողունակությամբ չորս հրշեջ մեքենաներով մեկնել են Նիժնի Նովգորոդ: Ռուս հրշեջներին Հայաստանից ուղարկվել են Կ-8/18 տեսակի 150 ջրային պոմպեր, որոնք օգտագործվում են դժվարհասանելի վայրերում: Անհրաժեշտության դեպքում 3,5 տոննա տարողունակությամբ երկու հրշեջ ամենագնաց մեքենաներ կհատկացվեն:

Խառնաշփոթ պաշտպանության նախարարությունում

Նախորդ շաբաթվա ընթացքում չէին մարում հուլիսի վերջին Հայաստանի զորամասերում տեղի ունեցած միջադեպերի շուրջ բորբոքված կրքերը: «Շշպռելու» նախաձեռնողն էր հենց Պաշտպանության նախարարությունը, որը հստակորեն հասկացրեց, թե պատրաստվում է գտնել ճշմարտությունը՝ պաշտոններ ու կոչումներ հաշվի չառնելով:

Դեռ նախորդ չորեքշաբթի տեղեկատվություն տարածվեց, որ ինքնասպանության հասցնելու հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում՝ մարտական դիրքերից մեկում սպայի մահվան փաստով չորս մարդ է ձերբակալվել, որոնց թվում՝ մեկ սպա և երեք շարքային զինծառայող: Նրանք կասկածվում են իշխանությունը չարաշահելու և բռնի գործողություններ իրականացնելու մեջ, որոնք հանգեցրել են ծանր հետևանքների:

Բացի այդ, ստեղծվել է հատուկ քննչական խումբ վեց հայ զինծառայողների մահվան նախաքննությամբ զբաղվելու նպատակով: Այս փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (երկու կամ ավել անձանց սպանություն)։

Աշխատանքների առաջին արդյունքներն ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարության կոլեգիայի արտահերթ նիստի ընթացքում: Նիստն աննախադեպ էր՝ առաջին հերթին անցկացման ձևով, և ցուցադրեց ՀՀ Զինված ուժերի ղեկավարության՝ նման միջադեպերի պատճառներն արմատախիլ անելու վճռականությունը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իսկական իրարանցում կազմակերպեց՝ զբաղեցրած պաշտոններից ազատելով միանգամից ութ սպաների, որոնցից յոթը ուղղվեցին պահեստազոր: Մի շարք զինծառայողներ ենթարկվեցին կարգապահական տարբեր տույժերի, նշանակվեցին ավելի ցածր պաշտոնների, նաև զինվորական կոչումներ իջեցվեցին: «Հայ սպայի արժանապատվությունը մշտապես պետք է բարձրության վրա լինի», - հայտարարել է Օհանյանը:

ՄՄԿ-ն կօգնի...

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) տեղեկատվություն է տարածել նույնականացման և ճանապարհային փաստաթղթերի համակարգերի արդիականացման և բարեփոխման գործում ՀՀ կառավարությանն աջակցելու ծրագրի մասին, որն իրականացվում է ԵԱՀԿ-ի հետ համատեղ:

Տեխնիկական աջակցության ծրագիրը նախաձեռնվել է ՀՀ ոստիկանության և արտգործնախարարության առաջարկով և նպատակաուղղված է ՀՀ նախագահի 2008 թ.-ի մարտի 15-ի կարգադրության կատարմանը, որը վերաբերում է նույնացման քարտերի և կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրմանը:

Այս կարգադրության համաձայն, 2011 թ.-ին Հայաստանում կներդրվեն նույնացման քարտեր և կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագրեր:

«Կենսաչափական տվյալներ պարունակող նույնացման և ճանապարհային փաստաթղթերի ներդրման գործում Հայաստանին աջակցելու» ՄՄԿ-ի և ԵԱՀԿ-ի համատեղ ծրագրի նպատակն է աջակցել էլեկտրոնային անձնագրերի և նույնացման քարտերի համակարգի ներդրման ազգային ծրագրի մշակմանը, որոնք համապատասխանում են Քաղավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) չափորոշիչներին:

Բացի այդ, ՄՄԿ-ի ծրագիրն ունի նաև այլ բաղկացուցիչներ, մասնավորապես՝ պաշտոնատար անձանց համար նախատեսված փորձագիտական խորհրդատվություններ, կարիքների գնահատում, ուսուցանող ծրագրեր, փորձի փոխանակում, նույնացման քարտերի և կենսաչափական տվյալներով ճանապարհային փաստաթղթերի համակարգ ունեցող երկրներ այցելության կազմակերպում:

Կենսաչափական տվյալներ պարունակող նույնացման և ճանապարհային փաստաթղթերի ներդրման շնորհիվ ակնկալվում է մուտքի արտոնագրերի ստացման և քաղաքացիների տեղաշարժման գործընթացի դյուրացում, ինչը ԵՄ-ի «Նոր հարևանություն» և «Արևելյան գործընկերություն» ծրագրերի հիմնական կետերից է: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»