SELECTORNEWS
Загрузка...

09:01
9/02/2012
Россия-Армения
Հայաստան-Ռուսաստան. անվտանգություն և ոչ միայն
17:27 | 18/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան նախատեսված պետական այցը խոստանում է դառնալ տարվա կարևորագույն քաղաքական իրադարձություններից մեկը՝ հաշվի առնելով այցի օրակարգը և, ամենակարևորը, փաստաթղթերը, որոնք նախատեսվում են ստորագրել: Խոսքն, առաջին հերթին, ռազմաքաղաքական միության և ռազմավարական համագործակցության ամրապնդման, Հայաստանի անվտանգության ապահովման և երկու երկրների պետական ու ազգային շահերի պաշտպանության մասին է:

Հայ-ռուսական հարաբերություններն ունեն հազարամյակի պատմություն և տարեգրվում են դեռևս Կիևյան Ռուսիայի ժամանակներին: Հայկական քաղաքական վերնախավի ռուսամետ ուղղվածությունը, որպես միասնական գաղափար, ձևավորվել է XVII դարի վերջում, և այդ ժամանակներից սկսած՝ հայ ժողովուրդը հզոր քրիստոնյա Ռուսիայի հետ միությունը համարել է սեփական անվտանգության ապահովման գրավականը: Իսկ Ռուսաստանն իր համար մեծ կարևորություն ներկայացնող տարածաշրջանում վստահելի և հուսալի դաշնակից է գտել: Հայ-ռուսական ռազմական եղբայրությունը պաթոսային դրոշմակնիք չէ, այլ երկու հարյուրամյակների ընթացքում Ռուսաստանի կողմից Կովկասում մղած բոլոր պատերազմների պատմական տարեգրություն:

Երկու հոգևոր մտերիմ ժողովուրդների արյամբ ամրացված բարեկամությունն ամուր հիմք է դարձել հայ-ռուսական ժամանակակից հարաբերությունների համար, և երկու երկրների նախագահները մոտ օրերի ընթացքում կհայտարարեն ռազմավարական միության ամրապնդմանն ուղղված քայլերի մասին: Անկասկած, այդ քայլերից կարևորագույնը կդառնա Հայաստանում ռուսական ռազմական ներկայության ամրապնդումն ու հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետների երկարացումը: Խոսքն հենց այն ռազմաբազայի մասին է, որը տեղակայված է Թուրքիայի սահմանի վրա, որն ամբողջովին կոտրեց Երևանի հետ ոչ միայն ուժային դիրքից խոսելու, այլև ինչ-որ բան «քաղաքավարի կերպով» առաջարկելու հարավային հարևանի ցանկությունը: Ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը նախատեսվում է երկարացնել՝ նախկին 25-ից մինչև 49 տարի՝ կողմերի համաձայնության դեպքում հետագա երկարացման հնարավորությամբ: Միաժամանակ Ռուսաստանն իր վրա է վերցնում Հայաստանի անվտանգության ապահովումը, ինչը երկրի անվտանգության համակարգի ամրապնդմանն ուղղված կոնկրետ գործողություններ է նախատեսում:

Այդ գործողությունների թվում փորձագետները, մասնավորապես, նշում են ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում ինտեգրված համագործակցությունը, որը թույլ կտա հայկական բանակը զինել նորագույն սպառազինությամբ: Նման համագործակության շրջանակներում կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռուսական ՌԱՀ-ի ձեռնարկությունների ղեկավարների պատվիրակության ներկայացուցիչների՝ Հայաստան այցելության ընթացքում: Ինչպես Երևանում, այնպես էլ Մոսկվայում համոզված են, որ այդ պայմանավորվածությունների գործնական իրագործումը փոխշահավետ կլինի:

Երկու պատմական դաշնակիցների ռազմական, քաղաքական և տնտեսական համագործակցության բնական ամրապնդումը փոքրաքանակ, սակայն չափազանց աղմկարար հայկական ռուսավախ բազմության մոտ նյարդային դող է առաջացնում: Նման հիվանդագին վիճակի անխուսափելի արդյունք են դառնում բացարձակապես ցնորական հայտարարություններն ու անհեթեթ առաջարկները, որոնք, մասնավորապես, կոչ են անում խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ կամ դուրս գալ ՀԱՊԿ-ից: Նույն շարքի՞ց չեն, արդյոք, Ադրբեջանին ռուսական С-300-ի վաճառքի մասին իբրև թե գոյություն ունեցող ծրագրերի մասին ասեկոսեները: Ռուսական կողմը միանգամից հերքեց այդ ասեկոսեները, սակայն իրենց «քաղաքագետ» կոչող մարդիկ այս հարցի շուրջ մի ողջ տեսություն կառուցեցին:

«Ինչի՞ համար է մեզ պետք Ռուսաստանը, և ի՞նչ կարող է մեզ տալ» - գրեթե «ճշմարտանման» կերպով տարակուսում են այդ մարդիկ: Այս հարցի պատասխանը բազմասահման է և չի տեղավորվում նշված գործիչների միավանկ դատողությունների շրջանակներում: Ընդ որում կարևորագույն սահմանը անվտանգությունն է՝ խոսքի լայն իմաստով, իսկ եթե ավելի անկեղծ՝ ապա  տարածաշրջանում հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը ևս, որտեղ նվազագույնը երկու պետություն այդ գոյությունը մեծ հարցականի տակ է դնում:

Դժվարին էթնոքաղաքական, էթնոմշակութային, տնտեսական և բազմաթիվ այլ հարցեր, որոնք վերաբերում են Հարավային Կովկասին և Առաջավոր Ասիային, Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական միությունը և ՀԱՊԿ անվտանգության համակարգում Երևանի մասնակցությունը դարձնում են ոչ այլընտրանքային՝ հայ ժողովրդի անվտանգության ապահովման հետ կապված հարցերի լուծման և պատմական հայրենիքում հայ ժողովրդի երկարաժամկետ ու կայուն զարգացման տեսակետից: Նման տարածաշրջանում երեք միլիոնանոց բնակչություն ունեցող երկրի անվտանգության հուսալի ապահովման հնարավորության մասին ցանկացած պնդումները, գոյություն ունեցող անվտանգության համակարգերից դուրս, դեմագոգիկ ու պոպուլիստական են:

ՌԴ նախագահի՝ Հայաստան նախատեսված այցի հետ կապված կարևոր հանգամանք է նաև այն, որ այցը համընկնում է Երևանում կայանալիք ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի հետ: Այս երկու իրադարձությունները, ասես, լրացնում են միմյանց, եզրափակում են հետխորհրդային տարածքում անվտանգության համակարգը ձևավորող գաղափարների, դիրքորոշումների, մոտեցումների և քայլերի շարունակական, փոխկապակցված և փոխներթափանցող բոլորապտույտը:

Երևանը միշտ կողմ է եղել ՀԱՊԿ-ի շրջանակներում իրականացվող համագործակցությունը գործնական, շոշափելի հուն տեղափոխելուն, և պատահական չէ, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակահատվածում ձևավորվեց բավականին իրական,  նյութականացվող կառույց՝ Արագ արձագանքման հավաքական ուժերը, որն ունի համաշխարհային քաղաքականության մեջ լուրջ գործոն և ծանրակշիռ փաստարկ դառնալու բոլոր հնարավորությունները:

Բացառված չէ, որ ԱԱՀՈՒ հերթական զորավարժությունները 2011 թ.-ին կանցկացվեն Հայաստանում: Դա դաշնակիցների մարտական գործընկերությունն ամրապնդող ևս մեկ քայլ կդառնա:-0-

Գագիկ Բաղդասարյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության տեսաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»