ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած պետական այցը և Երևանում անցկացվող ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովը համընդհանուր ուշադրության կենտրոնում էին ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: ՌԴ նախագահի այցը կարելի է պատմական համարելի՝ այցի արդյունքների տեսակետից:
Փաստաթղթեր և հայտարարություններ
Մեդվեդևի՝ Հայաստան կատարած պետական այցի ընթացքում մի քանի կարևորագույն փաստաթղթեր են ստորագրվել: Մասնավորապես, երկու պետությունների միջև արձանագրություն է ստորագրվել Գյումրիի ռուսական ռազմակայանի մասին 1995 թ.-ին ստորագրված երկկողմ պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնք վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը: 1995 թ.-ին ստորագրված պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, այժմ փաստաթուղթը գործելու է 49 տարի՝ սկսած 1995 թ.-ից:
Բացի այդ, Ռուսաստանն ու Հայաստանը հայկական տարածքում ատոմային էներգաբլոկի և ատոմային էլեկտրակայանների կառուցման հարցում համագործակցության միջկառավարական համաձայնագիր են ստորագրել:
Այս փաստաթղթերը նշում են, որ երկու կողմերն էլ լուրջ են տրամադրված ռազմավարական համագործակցությունն էլ ավելի ամուր և երկարաժամկետ դարձնելու կապակցությամբ: Նախագահներ Դմիտրի Մեդվեդևը և Սերժ Սարգսյանը հաստատել են ռազմավարական գործընկերությանն ու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը հետամուտ լինելը:
«Մեր հանդիպումների հաճախականությունը և, միգուցե, որպես աշխատանքի գագաթնակետ՝ ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարած այս պետական այցն ամբողջությամբ արտացոլում են մեր երկրների և ժողովուրդների միջև գոյություն ունեցող հատուկ հարաբերությունը: Դրանք իսկապես ռազմավարական գործընկերության հարաբերություններ են», - ասել է Մեդվեդևն իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ: ՀՀ նախագահն իր հերթին վստահություն է հայտնել, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած պետական այցը կամրապնդի երկու երկրների միջև գոյություն ունեցող դաշնակցային փոխգործակցությունը:
«Համոզված եմ, որ ՌԴ նախագահի պետական այցը լրացուցիչ ազդակ կհաղորդի մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանը, էլ ավելի կամրապնդի մեր դաշնակցային փոխգործակցությունը», - ասել է Սարգսյանը:
Ընդհանուր առմամբ, այս օրերի ընթացքում բազմադարյա բարեկամության և անխախտելի գործընկերության մասին խոսվել է ամեն քայլափոխի: Ըստ էության, խոսքերն ավելորդ էին. Հայաստանում ՌԴ նախագահին ցուցաբերած ընդունելությունը խոսում էր ինքն իր փոխարեն: Քաղաքական բանակցություններին հաջորդում էին մշակութային հարուստ ծրագրերը. Մեդվեդևը Ռուսաստանի առաջին տիկնոջ հետ նույնիսկ հասցրեց զբոսնել երեկոյան Երևանի փողոցներով, որը մի քանի օրվա ընթացքում աննախադեպ տոնական տեսք էր ստացել:
Հայաստանի և Ռուսաստանի նախագահները մասնակցեցին նաև Գյումրիում գտնվող «Պատվո բլուր» հուշահամալիրի բացմանը, որը կառուցվել է ռուս-թուրքական պատերազմների ընթացքում զոհված ռուսական բանակի 156 սպաների մարմինների ամփոփման վայրում:
Կարևորագույն շեշտադրումները
Բնական է, որ բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում չէին կարող չքննարկվել տարածաշրջանային կարևորագույն խնդիրները: ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Մեդվեդևին տարածաշրջանում ուժերի հավասարակշռության նշանակությունը կարևորելու համար:
«Ես շնորհակալ եմ Ռուսաստանի նախագահին՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության նշանակությունը, որպես սադրանքներ չթույլատրելու և ռազմատենչ հավակնությունների կասեցման կարևոր գործոն, կարևորելու համար։ Սա լիովին համապատասխանում է ղարաբաղյան հակամարտության հարցի կարգավորման մեր դիրքորոշմանը», - ասել է Սարգսյանն՝ ավելացնելով, որ այս հարցում Հայաստանի դիրքորոշումը, այն է՝ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, մնում է անփոփոխ:
Այս համատեքստում ՌԴ նախագահը կարևորագույն հայտարարություն է արել՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը դաշնակցային պարտավորություններ ունի ՀԱՊԿ երկրների առջև, որի մասնակիցն է նաև Հայաստանը:
«Խաղաղության և իրավակարգի պահպանումը Ռուսաստանի Դաշնության խնդիրն է, որը տարածաշրջանի խոշորագույն պետությունն է, ինչպես նաև ամենահզոր պետությունը թե տնտեսական, թե պաշտպանական, թե անվտանգության ապահովման հնարավորության տեսակետից: Միաժամանակ, բնական է, որ մենք ունենք ՀԱՊԿ անդամների առջև մեր ռազմավարական պարտավորությունները: ՀԱՊԿ-ի մասնակիցներից մեկը Հայաստանն է», - ասել է Մեդվեդևը:
ՌԴ նախագահը ընդգծել է, որ «Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարացումն ուղղված է Անդրկովկասում խաղաղության պահպանմանը»:
Այս հայտարարությունը, ինչպես նաև Հայաստանում ռուսական ռազմակայանի լիազորությունների ընդլայնմանը վերաբերող հայտարարությունը Ադրբեջանի ղեկավարությանը հասցեագրվող ուղերձ է, որը կանոնավոր կերպով «վախեցնում է» Երևանին իր ռազմատենչ հայտարարություններով: Անհրաժեշտ է ենթադրել, որ Բաքվում ճիշտ են հասկացել նախազգուշացումները:
ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողով. ևս մեկ քայլ՝ ուղղված համագործակցության խորացմանը
Երևանում օգոստոսի 20-ին մեկնարկած ՀԱՊԿ անդամ-պետությունների երկօրյա ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցել են վեց պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարները:
ՀՀ նախագահի խոսքերով՝ Երևանում ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի մասնակիցները նախանշել են Կազմակերպության շրջանակներում համագործակցության և փոխգործակցության հետագա խորացման հստակ քայլերը:
«Համոզված եմ, որ ծրագրերի լիարժեք իրագործումը թույլ կտա մեր կազմակերպությունը հասցնել որակապես նոր` ավելի բարձր մակարդակի», - ասել է Սարգսյանը:
Երևանյան գագաթնաժողովի օրակարգում երկու հարց էր ներառված՝ Ղրղզստանում իրավիճակի կայունացմանն ուղղված ՀԱՊԿ-ի կողմից նախատեսված միջոցառումները և Կազմակերպության շրջանակներում ճգնաժամային արձագանքման արդյունավետ համակարգի ձևավորման հարցերը:
Սարգսյանի խոսքերով՝ Երևանի հանդիպումը կարևոր քայլ է երկրների և, ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության համակարգի հետագա զարգացման գործընթացում:
ՌԴ նախագահն իր հերթին տեղեկացրել է, որ ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերի փոփոխությունները պատրաստ կլինեն դեկտեմբերին,
«Մենք քննարկել ենք ՀԱՊԿ հակաճգնաժամային արձագանքման նոր մեխանիզմը, և բոլորն այն եզրակացության են եկել, որ Ղրղզստանի իրադարձություններից քաղած դասերը մեզ ստիպում են, որ մեխանիզմն առավել արդյունավետ դարձնենք։ Ին՞չ է պահանջվում դրա համար։ Պետության կամքը՝ այսօր այդ կամքն արտահայտվել է, և դեկտեմբերին պատրաստ կլինեն ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերի փոփոխությունների վերաբերյալ առաջարկները, որոնք մեր գործունեության հիմք են ծառայում, որպեսզի այնտեղ առավել արդյունավետ ինստիտուտներ հայտնվեն, հնարավոր է՝ առավել ընդլայնված լիազորություններով», - ասել է Մեդվեդևը:
ՌԴ նախագահը ընդգծել է, որ ՀԱՊԿ-ն գործնական և ազդեցիկ կազմակերպություն է՝ էական լիազորություններով:
«Պետք է խոստովանել, որ ՀԱՊԿ-ն, նույնիսկ հասկանալով, որ հարաբերականորեն երիտասարդ կազմակերպություն է, գործնական կազմակերպություն է՝ էական լիազորություններով կազմակերպություն, որն իրականում իր պատասխանատվությամբ ազդում է տարածաշրջանի իրադարձությունների զարգացմանը։ Ինչ էլ ասենք, բայց ՀԱՊԿ-ի գոյությամբ մի շարք բացասական միտումներ զսպվում են։ Ներկաներից յուրաքանչյուրը կարող է դա վերագրել այս կամ այն սառեցված հակամարտություններին կամ խնդիրներին, որոնք ՀԱՊԿ պատասխանատվությամբ գոյություն ունեն տարածաշրջանում», - ասել է Մեդվեդևը:
Նա նաև հույս է հայտնել, որ ՀԱՊԿ անդամները կարող են իրենց ներդրումն ունենալ Ղրղզստանում իրավիճակի կարգավորման գործում: Հայտարարվել է նաև, որ ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովը կանցկացվի դեկտեմբերին Մոսկվայում, այդ ժամանակ էլ կազմակերպության նախագահությունը կփոխանցվի Բելառուսին:-0-
