ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի բնակիչները հինգշաբթի՝ սեպտեմբերի 2-ին, նշում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 19-րդ տարեդարձը: Հանդիսավոր միջոցառումներին կմասնակցի Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակությունը՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:
1991թ.-ին այս օրը տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը համաժողովրդական կամքի արտահայտության հիման վրա ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության և Շահումյանի շրջանի ողջ տարածքում։
Նման որոշում ընդունելիս պահպանվել են 1990 թ. ապրիլի 3-ի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի պահանջները։
Ղարաբաղի ժողովրդի կամքն ամրագրվել է 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի ժամանակ, որի ընթացքում հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Այս ամենին հետևած դեկտեմբերի 28-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարանը, որը ձևավորեց առաջին կառավարությունը: Անկախ ԼՂՀ-ի կառավարությունն անցավ իր պարտավորությունների կատարմանը բացարձակ շրջափակման և դրան հետևած Ադրբեջանի կողմից կազմակերպված ռազմական ագրեսիայի պայմաններում:
Հաղթելով Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմում՝ ղարաբաղցի ժողովրդին հաջողվեց կառուցել ազատ, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն՝ հզոր բանակով և ձևավորված ու ամրապնդված քաղաքացիական հասարակությամբ:
Փորձագետների ճնշող մեծամասնության գնահատականներով՝ ԼՂՀ-ի միջազգային ճանաչումը միայն ժամանակի խնդիր է, որն անհրաժեշտ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի շարք դետալների ճշտման համար:
Տոնի նախօրեին աշխատանքային այցով ԼՂՀ-ում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Ղարաբաղի ազատ զարգացումն այլընտրանք չունի:
«Մեր գործունեությունը պետք է միշտ ուղղված լինի նրան, որ ոչ միայն Ադրբեջանը, այլև մյուս երկրները հասկանան, որ հետդարձի ճանապարհ չկա, որ որևէ կերպ բացառվում է Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանի կազմ, որ Արցախն արդեն իսկ կայացած պետություն է, միգուցե` փոքր, միգուցե`դեռևս պրոբլեմներով լի, բայց պետություն է, և այս պետությունն ամրապնդվելու, զարգանալու», - հայտարարել է ՀՀ նախագահը:
Սակայն Բաքուն դեռևս չի ցանկանում համակերպվել տարածաշրջանում ձևավորված իրողությունների հետ: Ղարաբաղի համար նշանակալից օրվանից գրեթե երկու օր առաջ Ադրբեջանը փորձեց դիվերսիոն ակցիա իրականացնել Ղարաբաղի հյուսիս-արևելքում՝ Վերին Չայլու գյուղի մոտակայքում: Սակայն ղարաբաղյան բանակի առաջնային դիրքերի զինծառայողները ժամանակին նկատել են թշնամու հատուկ նշանակության ջոկատի մարտիկների տեղաշարժը և անհապաղ համապատասխան գործողություններ ձեռնարկել՝ պատճառելով հակառակորդին կորուստեր և հետ շպրտելով նրան դեպի ելակետ:
Փորձագետ Սերգեյ Շաքարյանցի կարծիքով՝ ադրբեջանական կողմը ձգտում էր ստուգել այդ ուղղության ամրությունը և նվիրեց ձախողված դիվերսիան Արցախի անկախության հռչակման հերթական տարեդարձին:
ԼՂՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն, սադրանքի հետևանքով ադրբեջանական կողմը կրել է յոթ մարդկային զոհ, կան վիրավորներ: Ղարաբաղյան կողմից մեկ զինծառայող վիրավորվել է:
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է տարածել, որում նշվում է, որ ադրբեջանական կողմի սադրանքները սպառնալիքի տակ են դնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:-0-
