ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին չորեքշաբթի Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բացեց Հարավային Կովկասում ֆուտբոլի խոշորագույն ակադեմիան, որը ֆուտբոլային կադրերի պատրաստման կենտրոն կդառնա:
Ֆուտբոլի ակադեմիայի առաջին հիմնաքարը դրվել է 2007 թվականի հոկտեմբերին ՈՒԵՖԱ, ՖԻՖԱ և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահների կողմից։ Պլատինիի պատկերավոր արտահայտմամբ` Ակադեմիայի բացումը հայկական ֆուտբոլի զարգացմանն ուղղված գոլ է:
Գերժամանակակից համալիրի արժեքը կազմում է 12 մլն դոլար, որից 7 մլն 475 հազար դոլարը տրամադրել է ՈՒԵՖԱ-ն, 400 հազար դոլար՝ ՖԻՖԱ-ն և 4 մլն 125 հազար դրամը՝ ՀՖՖ-ն: Ակադեմիայում գործում է ֆուտբոլային հինգ դաշտ, լողավազաններ, ստեղծված են բոլոր պայմանները մարզումներ անցկացնելու համար: Նոր համալիրում կարող են մարզվել ոչ միայն ֆուտբոլիստները, այլև այլ մարզաձևերի ներկայացուցիչներ: Ակադեմիայում անցկացվելու են ֆուտբոլի հավաքականների ուսումնամարզական հավաքներ:
Պատվո շքանշանակիր
Ակադեմիայի բացման արարողության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՈՒԵՖԱ-ի նախագահին Պատվո Շքանշանով է պարգևատրել՝ հանրապետությունում սպորտի և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունն ամրապնդելու համար:
Պատվո շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամություն հաստատելու, ամրապնդելու և զարգացնելու, ինչպես նաև ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար:
«Մենք ձեզ պարգևատրում ենք, որ դուք մեզ լավ փոխանցումներ եք անում և հուսով ենք, որ դուք դա կանեք նաև հետագայում»,- Պլատինիին մրցանակ հանձնելիս ասաց ՀՀ նախագահը:
ՈՒԵՖԱ-ն կշարունակի աջակցել հայկական ֆուտբոլին
ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, որը հաջորդել է համալիրի բացման արարողությանը, ՈՒԵՖԱ-ի նախագահն ընդգծել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը չի սահմանափակվի հանրապետությունում Ֆուտբոլի ակադեմիայի կառուցմամբ և կշարունակի աջակցություն ցուցաբերել այս մարզաձևի զարգացմանը:
«Սա մշտական համագործակցություն է, այս կենտրոնի ֆինանսավորման հետ կապված ներդրումները չեն դադարի», - նշել է Պլատինին: Նրա խոսքերով` ազգային ֆեդերացիային աջակցելու պրակտիկան գործել է մինչև նրա կողմից ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնելը, շարունակվում է այսօր և կշարունակվի տասնյակ տարիներ: «Սա մեր օգնությունն է ազգային ասոցիացիաներին», - ընդգծել է ՈՒԵՖԱ-ի նախագահը:
Հայերը «հիվանդ են» ֆուտբոլով
Հայաստան կատարած իր այցելություններից մեկի ընթացքում Պլատինին հայտարարել էր, որ հայերը հիվանդ են ֆուտբոլով: Նույն արտահայտությունը նա կրկնեց նախօրեին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Միաժամանակ նա անկեղծորեն խոստովանեց, որ չի կարող իրեն հայկական ֆուտբոլի մասնագետ համարել, քանի որ հայ ֆուտբոլիստների մասնակցությամբ խաղեր Եվրոպայում ոչ հաճախ են հեռարձակվում:
Այնուամենայնիվ նա նշեց, որ նրան դուր են եկել հայկական հավաքականների մասնակցությամբ երկու խաղերը: Դրանք են` Բուրսայում Թուրքիայի հավաքականի հետ խաղը (որի ժամանակ Հայաստանի հավաքականը 0:2 հաշվով պարտություն կրեց) և Սլովենիայում մինչև 19 տարեկանների հավաքականի խաղը:
Եվրոպայի ֆուտբոլային դաշտերում
Պլատինիի մամուլի ասուլիսի զգալի մասը նվիրված էր եվրոպական և համաշխարհային ֆուտբոլի խնդիրներին: ՈՒԵՖԱ-ի նախագահը կտրականապես դեմ արտահայտվեց ֆուտբոլային խաղերի մրցավարության ժամանակ տեսակրկնությունների կիրառման դեմ: «Մրցավարները չեն կարող ամեն ինչ տեսնել, սակայն ավելի լավ է ավելացնել մրցավարների քանակը, քան տեսակրկնություններ կիրառել: Ֆուտբոլը պետք է պահպանի մարդկային գործոնը», - ասել է նա: ՈՒԵՖԱ-ի նախագահը կարծում է, որ տեսախցիկների մեծ քանակության օգտագործումը, որը կարող են իրենց թույլ տալ միայն հարուստ երկրները, կհանգեցնի նրան, որ ֆուտբոլը մրցավարի կարիք չի ունենա:
Պլատինին նաև համաձայն չէ այն մտքին, որ 2016 թ.-ի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի մասնակիցների ցանկի ընդլայնումը (16 թիմից մինչև 24 թիմ) կարող է ինչ-որ կերպ իջեցնել առաջնության մակարդակը: Նրա խոսքերով` այս ամենը թույլ կտա մեծ թվով ուժեղ հավաքականներին հայտնվել Եվրոպայի առաջնության եզրափակչում: Բացի այդ, առաջնության կազմակերպման գործում հսկայական միջոցներ ներդրած քաղաքները կկարողանան ավելի շատ հանդիպումներ անցկացնել սեփական տարածքում:
Խոսելով Լեհաստանում և Ուկրաինայում 2012 թ.-ին կայանալիք եվրոպական առաջնության մասին` ՈՒԵՖԱ-ի նախագահը նշեց լուրջ նախապատրաստական աշխատանքների անցկացման անհրաժեշտությունը: «Դժվարությունն այն է, որ այդ երկրներում, հատկապես Ուկրաինայում, երբեք չեն կազմակերպվել նման մակարդակի միջազգային առաջնություններ», - ասել է Պլատինին:
Նրա խոսքերով` առաջնությանը ժամանած հազարավոր երկրպագուների համար անհրաժեշտ են ենթակառուցվածքներ և բոլոր պատշաճ պայմանների ապահովում: Պլատինին մասնավորապես նշեց օդանավակայանների պայմանների բարելավման անհրաժեշտությունը: Նրա խոսքերով` երկրպագուների հոսքին պետք է, մասնավորապես, պատրաստ լինեն մաքսային ծառայություններն ու տրանսպորտը: «Անհրաժեշտ է ստեղծել բոլոր պայմանները, իսկ ֆուտբոլային դաշտերը մեզ համար ամենահեշտ խնդիրն է», - նշել է Պլատինին:
Ֆինանսական ազնիվ խաղ և Եվրոպայի Լիգա
Երևանում Պլատինին անդրադարձավ նաև այսպես կոչված ֆինանսական ազնիվ խաղի սկզբունքի հետ կապված հարցին, որի համաձայն, ակումբները պետք է ծախսեն այնքան, որքան վաստակում են: Ազնիվ խաղի նպատակը ակումբային բյուջեների հավասարակշռության ապահովումն ու դեֆիցիտը վերացնելն է: Պլատինիի կարծիքով` այս սկզբունքը չի հանգեցնի նոր G14-խմբի ստեղծմանը, որը բաղկացած է առավել ազդեցիկ եվրոպական ակումբներից, որը լուծարվել է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի փոխադարձ պայմանավորվածությամբ:
Բացի այդ ՈՒԵՖԱ-ի նախագահը նշել է, որ եվրոպական գավաթների անցկացման հարցում որևէ փոփոխություն չի սպասվում: Նրա խոսքերով` անհրաժեշտ բոլոր փոփոխություններն արդեն արվել են, և դրանք առավել օպտիմալ են:
ՖԻՖԱ, թե՞ ՈՒԵՖԱ
Պլատինին նաև չհաստատեց նաև այն ասեկոսեները, թե ինքը ցանկանում է զբաղեցնել ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնը:
«Շատ ասեկոսեներ են տարածվում: Սակայն այսօր պարզ է մի բան, որ ՈՒԵՖԱ-ի կոնգրեսի ժամանակ ես ազգային ասոցիացիաներին հայտնեցի, որ կառաջադրեմ իմ թեկնածությունը ՈՒԵՖԱ-ի հաջորդ ընտրություններին», - ասել է Պլատինին:
Միաժամանակ նա նշել է, որ Հայաստան կատարած այցը հեռու գնացող նպատակներ չի հետապնդում և «ոչ մի կերպ կապված չէ ՖԻՖԱ-ին վերաբերող հարցերի հետ»:
Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ Պլատինին այն մարդ է, ով առաջինը կհայտնի իր նպատակների մասին: Միաժամանակ ՀՖՖ-ի նախագահը նշեց, որ նա միշտ կլինի իր ընկերների կողքին:-0-
