ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի օգտվողների մեծամասնությունը դժգոհ է երկրում լայնաշերտ ինտերնետի գների մակարդակից: Այս մասին վկայում են www.telecom.arka.am. կայքում անցկացված օն-լայն հարցման արդյունքները:
Հայաստանում լայնամաշերտ ինտերնետի նվազագույն արժեքը ամսական ծառայությունների դիմաց սկսվում է 8 հազար դրամից (շուրջ 21 ԱՄՆ դոլար):
Օն-լայն հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների 88,7 տոկոսը դժգոհություն է հայտնել երկրում գործող լայնաշերտ ինտերնետի գների կապակցությամբ:
Հարցվածների 41 տոկոսը բացարձակապես դժգոհ է շուկայում գործող սակագներից, 35,1 տոկոսը պարզապես դժգոհ է, 12,6 տոկոսը որոշակի չեզոքություն է արտահայտել այս հարցի շուրջ՝ նշելով, որ իրենք այնքան էլ գոհ չեն գործող գներից:
Միաժամանակ իրականացված հարցումը ցույց տվեց, որ ինտերնետից օգտվողների միայն 11,3 տոկոսն է գոհ Հայաստանում լայնաշերտ ինտերնետի գներից:
Օն-լայն հարցումն իրականացվել է «ԱՌԿԱ-Տելեկոմ» կայքում սեպտեմբերի 15-ից նոյեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում: Հարցմանը մասնակցել է 665 մարդ:
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը 2008 թ.-ի նոյեմբերի 3-ին գործարկել է նոր նախագիծ՝ www.teleсom.arka.am: Կայքը մասնագիտանում է օպերատիվ լուրերի, վերլուծական նյութերի և հարցազրույցների տրամադրման գործում, կայքում ներկայացված են նաև հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների ոլորտի փորձագետների կարծիքներն ու մեկնաբանությունները:
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996թ. մայիսի 1-ից։ Մասնագիտանում է ֆինանսատնտեսական տեղեկատվության բնագավառում։ -0-
