SELECTORNEWS
Загрузка...

05:16
9/02/2012
Երևանի պետհամալսարանը շահագրգռված է լատվիացի գործընկերների հետ համագործակցության ընդլայնմամբ. ռեկտոր
19:20 | 10/ 12/ 2009

ԵՐԵՎԱՆ, 10  դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի պետհամալսարանը շահագրգռված է գիտության և կրթության ոլորտներում Լատվիայի հետ համագործակցության ընդլայնմամբ, հինգշաբթի հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի՝ բուհ կատարած այցի կապակցությամբ ողջույնի խոսքում:

«Եվրոպական կրթական տարածքում ինտեգրման հարցը ԵՊՀ-ի համար գերակա հարցերից է։ Մենք միմյանց հետ կիսելու բան ունենք կրթության միջազգայնացման ճանապարհին»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով տվյալ ուղղությամբ երկրների միջև համագործակցության և կրթության արդիականացման կարևորությունը:

Նա նշեց նաև, որ Լատվիայի նախագահի այցը Հայաստան կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների և պետությունների միջև հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:

«Հայաստանի ապագան կախված չէ նրա աշխարհագրական դիրքից և ձեր հարևաններից։ Ես այն տեսնում են ձեր աչքերում»,- իր հերթին ասաց Զատլերսը՝ դիմելով բուհի ուսանողներին: Նա նշեց նաև հայկական գիտության և կրթության բազմադարյա ավանդույթները:

Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի որոշմամբ Վալդիս Զատլերսին շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում և բուհի «Ոսկե մեդալը»` հայ-լատվիական հարաբերությունների զարգացման գործում մեծ ներդրման համար:

Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը չորեքշաբթի եռօրյա պետական այցով ժամանել է Հայաստան` նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»