ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /նովոստի-Արմենիա/. Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության` Լոռու մարզային վարչության` Թումանյանի բաժնի ՔՀԲ պետի կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզակացությունը:
Ւստ հաղորդագրության, նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ոստիկանության` Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ՔՀԲ պետ Ա. Գրիգորյանն իր որդու` Վ. Գրիգորյանի և վերջինի ընկերներ Հ. Սարգսյանի ու Վանաձոր քաղաքի բնակիչ Վ. Գալստյանի հետ 2009թ. օգոստոսի 17-ին` ժամը 02-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին գտնվող «Ռոսիա» ռեստորանային համալիրում վիճաբանության մեջ է մտել Գյումրի քաղաքի բնակիչներ Ա. Պապիկյանի և Ա. Իսկանդարյանի հետ, հայհոյել, բռնություն գործադրել նրանց նկատմամբ: Գործադրված բռնությունների հետևանքով Ա. Պապիկյանը և Ա. Իսկանդարյանն ստացել են առողջությունը քայքայող թեթև մարմնական վնասվածք:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Ա. Գրիգորյանին, Վ. Գրիգորյանին և Հ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Վ. Գալստյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
Քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ` ըստ էության քննելու համար:-0-
