ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նոր չափորոշիչները թույլ կտան բարձրացնել հայկական հեռուստաալիքների պրոֆեսիոնալիզմը, երկուշաբթի հայտարարեց հեռուստառադիոհեռարձակման հանձնաժողովի նախագահի տեղակալ, Երևանի մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը։
Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին առընթեր աշխատանքային խումբը մշակել է որոշակի չափորոշիչներ, որոնցով պետք է առաջնորդվեն հայկական հեռուստաընկերությունները հաղորդումներ և ֆիլմեր պատրաստելիս։
«Պրոֆեսիոնալիզմի պակասը հայրենական հեռուստատեսությունում առավել արդիական խնդիրներից է և հասարակության դժգոհության հիմնական պատճառն է։ Մինչդեռ մշակված չափորոշիչները թույլ կտան լրջորեն վերանայել հայկական հեռուստաընկերության պրոֆեսիոնալիզմի մակարդակը»,- ասաց Դադասյանը։
Ըստ նրա՝ այդ սկզբունքների համաձայն՝ ցերեկային հաղորդումներից կհանվեն էրոտիկ բնույթի, բռնության և սարսափի տեսարաններով ֆիլմերը և ծրագրերը, որոնք կարող են վնաս հասցնել առողջությանը, անչափահասների մտավոր և ֆիզիկական զարգացմանը, բասացաբար ազդել նրանց դաստիարակության վրա։
«Որպես բեմադրիչ՝ ես պետք է նշեմ, որ ներկայումս հեռուստատեսությունում պրոֆեսիոնալ կադրերի պակասը թույլ չի տալիս նոր լիարժեք հեռուստաարտադրանք ստանալ»,- ասաց Դադասյանը։
Միաժամանակ նա նշեց, որ չափորոշիչները ներկայումս քննարկումների փուլում են, և հանձնաժողովն ընդունում է շահագրգիռ կողմերի առաջարկները։
Դադասյանի խոսքերով՝ նախատեսվում է պատժամիջոցների կիրառում նոր չափորոշիչների խախտման համար։
«Հեռուստաալիքները նախազգուշացումներ կստանան։ Երկու նախազգուշացում ստանալուց հետո երրորդ անգամ խախտող հեռուստաալիքը կզրկվի լիցենզիայից»,- ասաց նա։ -0-
