ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը ազգային անվտանգության ռազմավարությանը համապատասխան Հայաստանի պարենային անվտանգության հայեցակարգ կմշակի, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին խորհրդի մամուլի ծառայությունից:
«Ազգային անվտանգության խորհրդի որոշման և հանրապետության նախագահի կարգադրության համաձայն` հայեցակարգը պետք է մշակվի և անվտանգության խորհրդում հաստատվի 2010 թվականի առաջին կիսամյակի ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ընդգծելով պարենային անվտանգության բացառիկ կարևորությունը` Արթուր Բաղդասարյանը նշել է, որ «երկրի պարենային անվտանգության և պարենային անկախության հիմնախնդիրների լուծումը ենթադրում է գյուղատնտեսության ոլորտի մրցունակության բարձրացում և ենթակառուցվածքային ու ինստիտուցիոնալ բարեփոխումների շարունակական իրականացում»:
«Պետք է մշակել այնպիսի հայեցակարգ, իրականացնել այնպիսի միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան լուծել մեր երկրի պարենային ապահովվածության և անվտանգության խնդիրները ինչպես ամենօրյա պայմաններում, այնպես էլ` արտակարգ իրավիճակներում կամ ճգնաժամային պայմաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բաղդասարյանը նշեց նաև, որ պետք է մշակվի ու հաստատվի այնպիսի փաստաթուղթ, որը հնարավորություն կտա բարձրացնել Հայաստանի պարենային ապահովվածության ու անվտանգության մակարդակը, արդյունքում` ձևավորել այնպիսի կայուն համակարգ, որը մեր երկրում կխթանի տեղական արտադրությունը, հատկապես` գյուղատնտեսական մթերքների արտադրության ոլորտում և նվազագույնի կհասցնի ներմուծումներն այլ երկրներից, կբարձրացնի Հայաստանի պարենային ինքնաբավության մակարդակը: -0-
