ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Մեծ Բրիտանկայում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը չորեքշաբթի Հայ Ուիքըմ քաղաքում մասնակցել է հայկական մանրանկարների ցուցահանդեսի բացմանը, հաղորդում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Սա Հայ Վիքըմում իրականացվող հերթական մշակութային միջոցառումն է, որ ներկայացնում է Հայաստանը և տեղի է ունենում այս քաղաքի և Հայաստանի Իջևան ու Դիլիջան քաղաքների քույրացման` 2006թ. դեկտեմբերին սկիզբ առած գործընթացի շրջանակում»,- բացման արարողության ընթացքում հայտարարել է Վահե Գաբրիելյանը։
Դեսպանը հույս է հայտնել, որ միմյանց մշակույթին ծանոթանալու հնարավորություններ տվող այս միջոցառումները ոչ միայն կհանգեցնեն մոտ ապագայում քույրացման պայմանագրերի ստորագրմանը, այլև կակտիվացնեն Հայաստանի և Միացյալ Թագավորության շրջանների միջև համագործակցությունը:
Դեսպանը բարձր է գնահատել Չիլթերնի փոքրաթիվ հայ համայնքի` այս ուղղությամբ իրականացվող ակտիվ գործունեությունը և Հայ Վիքըմ քաղաքի տեղական իշխանությունների մշտական աջակցությունը կազմակերպությանն ու Հայաստանի դեսպանության նախաձեռնություններին:
«Հայ մշակույթի ժառանգության ասպեկտներ» (Aspects of Armenian Cultural Heritage) ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Կյանքի ծառ» (Tree of life) և «Նկարազարդ ձեռագրեր» (Illuminated Manuscripts) խորագրով ցուցահանդեսը կազմակերպվել է «The Chiltern-Armenian» ընկերության և Հայ Վիքըմի գրադարանի ջանքերով:--0—
