ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում կստեղծվի Հանրային ունիվերսալ ծառայությունների հիմնադրամ, երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլ կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը:
Նրա խոսքերով՝ ենթադրվում է, որ հիմնադրամը կզբաղվի հայկական մարզերը էլեկտրոնային ծառայություններով ապահովելու հարցով, որոնք նախատեսում են հեռահաղորդակցությունների, ինտերնետ հասանելիության ապահովում և այլ հնարավորություններ:
Նա նշեց, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ ուսումնասիրվել է միջազգային փորձը, նմանատիպ ուսումնասիրություններ են անցկացվում նաև Հայաստանում, և ենթադրվում է, որ արդեն մինչ տարեվերջ կսահմանվեն հիմնադրամի կառուցվածքն ու գործունեության նպատակները:
«Թեև հիմնադրամը դեռևս ձևավորման փուլում է, սակայն ծրագրվում է, որ այն կֆինանսավորի մարզերում էլեկտրոնային ծառայությունների փաթեթների ձևավորումը՝ ապահովելով բնակչության հասանելիությունը հեռահաղորդակցություններին, որտեղ դա նպատակահարմար չէ բիզնեսի զարգացման տեսակետից», - ասաց Արաբաջյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ նախնական տվյալներով՝ հիմնադրամի ֆինանսավորումը կիրականացվի խոշոր օպերատորների հաշվին, իսկ միջոցառումների իրագործման ուղղվածությունը կորոշի Հոգաբարձուների խորհուրդը:-0-
