ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանն ինքն է սկսել զինված ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի, ասվում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունին ուղղված ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի նամակում:
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, նամակը տարածվել է Սումգայիթի և Բաքվի ողբերգական իրադարձությունների, հայազգի բնակչության դեմ իրագործած ջարդերի տարելիցի կապակցությամբ ՄԱԿ-ում` որպես այդ կազմակերպության պաշտոնական փաստաթուղթ:
«Նամակում, հղում կատարելով միջազգային հանրության ապակողմնորոշմանն ուղղված Ադրբեջանի կառավարության կողմից շարունակաբար տարածվող էժանագին քարոզչությանն ու ստահոդ փաստերին, նշվում է. «Ադրբեջանը շարունակում է իրեն ներկայացնել, այսպես կոչված, «հայկական ագրեսիայի» զոհ` այդ նպատակով աղավաղելով ոչ միայն աշխարհին քաջ հայտնի ողբերգական դեպքերը, այլև` ժամանակին ադրբեջանական աղբյուրների վկայակոչումները», - ասվում է տեղեկատվության մեջ:
Դեսպան Նազարյանը, մասնավորապես, մեջբերում է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հայտնի հարցազրույցը, ուր անդրադառնալով Խոջալուի դեպքերին` վերջինս նկարագրում է, թե ինչպես Ադրբեջանի ընդդիմությունը և միլիցիան խոչընդոտել են լեռնային միջանցքով ռազմական գործողությունների շրջանից քաղաքացիական բնակչության դուրսբերմանը: Ընդդիմությունը հույս ուներ իր իսկ հայրենակիցների սպանդի ճանապարհով Բաքվում հասնել իշխանության:
Նամակում մեջբերվում է նաև The Helsinki Watch կազմակերպության 1992թ. սեպտեմբերի զեկույցը, ուր մատնանշվում է փախչող քաղաքացիական բնակչության վրա ադրբեջանական միլիցիայի կրակելու մասին ադրբեջանցիների իսկ վկայությունները:
Նամակը նաև ընդգծում է, որ միջազգային հանրությունը բազմիցս վկայել ու հաստատել է անպաշտպան հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կառավարության կողմից իրագործված անթիվ վայրագությունները:
«Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` ինքնորոշման իր իրավունքը կիրառելու խաղաղ և սահմանադրական պահանջին, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին ու զինեցին ամբոխը, որը 1988թ. ջարդ իրականացրեց Սումգայիթ քաղաքում բնակվող հայերի նկատմամբ: Այս ջարդը Խորհրդային Միության տարածքում զանգվածային սպանությունների առաջին դեպքն էր, որը համապատասխանաբար արձանագրվել է դատավարության գործերում: Ադրբեջանն իր անկախության հռչակումից անմիջապես հետո ազատեց դատապարտված մարդասպաններին և հրապարակայնորեն նրանց հռչակեց ազային հերոսներ», - ասվում է փաստաթղթում:
The Helsinki Watch կազմակերպության զեկույցը վկայում է, որ իրադարձությունները նպատակ ունեին ահաբեկել Ադրբեջանի մյուս շրջաններում բնակվող հայերին: 1988-1991թթ. Գանձակում, Ադրբեջանի այլ քաղաքներում իրականացված ջարդերը ավելի քան զանգվածային ու բարբարոսական էին և հանգեցրին կես միլիոն հայերի էթնիկ բնաջնջմանը ու տեղահանմանը: Այս դաժանություններին հետևեցին ադրբեջանական զինված ուժերի աննախադեպ հարձակողական գործողություններն` ուղղված Լեռնային Ղարաբաղի բնակչության բնաջնջմանը», - ասվում է Նազարյանի նամակում:
«Պետք է վերջնականապես ու մեկընդմիշտ պարզ դառնա, որ Ադրբեջանն է սկսել զինված ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի: Հայաստանը համոզված է, որ այս իրավիճակում լավագույն լուծումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի օրինական պահանջի վերականգնումն է` իրագործելու համար ազգերի ինքնորոշման անքակտելի իրավունքը», - ասվում է Հայաստանի դեսպանի նամակում, որն ուղղված է նաև ՄԱԿ-ի Ավտանգության խորհրդին ու Գլխավոր ասամբլեային:
1988թ. փետրվարի 26-29-ը, Ադրբեջանի իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության լռակյաց թողտվությամբ, հայաբնակ Սումգայիթ (Ադրբեջանական ԽՍՀ) քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային կոտորածներ, որոնց ընթացքում, պաշտոնական տվյալներով, սպանվել է 32 և վիրավորվել են հարյուրավոր հայեր։ Մի քանի օրվա ընթացքում Սումգայիթի 14 հազար հայ բնակիչները լքեցին քաղաքը։--0—
