ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Հարավկովկասյան ինտեգրացիա. այլընտրանքային մեկնարկ» նախաձեռնությունը խաղաղության կոչ է անում տարածաշրջանի քաղաքացիներին։
«Մենք այլընտրանքային լուծում ենք առաջարկում, ինչի մասին հայտարարում են բոլոր ղեկավարները, բայց իրականում մենք արյունոտ պատերազմներ ենք տեսնում»,- ասաց Հարավային Օսեթիայից նախաձեռնության ներկայացուցիչ Թիմուր Ցխուրբատին լրագրողների հետ հանդիպման ընթացքում։
Նա ավելացրեց, որ տարածաշրջանում բոլոր հակամարտությունների լուծումներին կհաջողվի հասնել միայն այն բանից հետո, երբ այդ երկրներում, ինչպես Եվրամիությունում, ձևավորվի քաղաքացիական հասարակություն։
«Գլխավոր նպատակն է, որպեսզի Հարավային Կովկասի յուրաքանչյուր քաղաքացի ինքը տնօրինի իր ճակատագիրը, ինչի արդյունքը կլինի տարածաշրջանի երաշխավորված անվտանգությունը»,- իր հերթին հայտարարեց Քաղաքացիական նախաձեռնությունների Կովկասյան կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանը։
Ըստ նրա, ինքը չի ցանկանում, որ իր ճակատագիրը տնօրինեն քաղաքական գործիչները, քանի որ տարածաշրջանում չի գործում ընտրությունների ինստիտուտը, և մարդիկ շահարկում են դա՝ պնդելով, որ իրենք հանդես են գալիս հասարակության անունից։
Վանյանը նշեց, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու ձևերից մեկը կդառնա Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանին միջազգային կազմակերպությունների վերահսկողության ներքո գտնվող մի տարածքի ստեղծումը, որտեղ կլինի փոքր հյուրանոց, ուր կանցկացվեն Հարավային Կովկասի երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հանդիպումները, ինչպես նաև տարբեր մշակութային միջոցառումներ։
Նա ընդգծեց բաց երկխոսության կարևորությունը տարածաշրջանի երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև՝ նշելով, որ ներկայումս նմանատիպ հանդիպումների մեծամասնությունն անցկացվում է փակ ձևաչափով։ «Մենք խոսում ենք բաց հասարակության մասին, բայց գործում ենք փակ մեթոդներով»,- նշեց նա։
Նախաձեռնության մասնակիցների խոսքերով՝ նրանք իրենց ծրագրերն ուտոպիական չեն համարում՝ կարծելով, որ տարածաշրջանի ժողովուրդների միջև առճակատման հաղթահարման նպատակով պետք է մերձեցման քայլեր ձեռնարկել։
«Հարավկովկասյան ինտեգրացիա. այլընտրանքային մեկնարկ» հարավկովկասյան քաղաքացիական նախաձեռնությունը ստեղծվել է 2006 թվականին եռակողմ ձևաչափով (Հայաստան, Ադրբեջան և Վրաստան)։ 2007 թվականին նրան են միացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Աբխազիան և Հարավային Օսեթիան։ -0-
