ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ճանաչված իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն կարող է «21-ի հեռանկարներ» 11-րդ միջազգային փառատոնի շրջանակներում ելույթ ունենա Հայաստանում:
Ինչպես հինգշաբթի ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանում 2010 թ.-ի փառատոնի ժամանակ սպասվում են համաշխարհային հռչակ վայելող երաժշտական խմբերի ու կատարողների ելույթներ:
«21-ի հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի 2010թ. համերգաշարի կազմակերպմանն աջակցելու նպատակով կառավարությունը «Հայ ժամանակակից երաժշտության կենտրոն» ՀԿ-ին տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացրել է 40 մլն դրամ (105 հազ. դոլար)
Համերգաշրջանին մասնակցելու են ինչպես անհատ կատարողներ` Պլասիդո Դոմինգո (տենոր), Պինկաս Ցուկերման (ջութակ), այնպես էլ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, Բորոդինի անվան լարային քառյակը և այլ կոլեկտիվներ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Իր հերթին վարչապետ Տիգրան Սարգսյանը հավելել է, որ այս միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո:
«Փառատոնը բացառիկ հնարավորություն է ընձեռում, որպեսզի հայ երաժշտասեր հասարակությունն ունկնդրի բարձրակարգ և որակյալ դասական երաժշտություն»,- ասաց նա:-0-
