ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի «Փյունիկի» զամբիացի լեգիոներ Էմանուել Մբոլան, որն ուզում է անգլիական պրեմիեր լիգայի «Թոթենհեմ Հոթսպրուս» ակումբ տեղափոխվել, հայկական թիմի հետ պայմանագիր ունի մինչև 2012 թ.-ը, ուրբաթ լրագրողներին ասաց «Փյունիկի» և Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր «Փյունիկի» մամուլի քարտուղար Վահան Դանիելյանը, Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությունից հետո, որի ընթացքում Մբոլան հանդես է եկել իր ազգային հավաքականի կազմում, պաշտպանը «Փյունիկ» չի վերադարձել՝ հղում անելով փաստաթղթերի հետ կապված խնդիրներին, և ինքնակամ մեկնել է Լոնդոն, որտեղ դիտում է անցել «Թոթենհեմում», ինչի մասին հայկական ակումբն իմացել է անգլիական մամուլի հաղորդագրություններից:
Դանիելյանի խոսքերով, այն բանից հետո, երբ անգլիացիներն իմացել են, որ Մբոլան գործող պայմանագիր ունի «Փյունիկի» հետ և որ ինքնակամ լքել է իր ակումբը, «Թոթենհեմը» հրաժարվել է նրան թիմ վերցնելուց:
«Մբոլան մինչև 1012 թ.-ը պայմանագիր ունի, և գտնվում է թիմի տրամադրության տակ: Նրա փոխադրման հետ կապված բոլոր հարցերով պետք է զբաղվի «Փյունիկը», և այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- ասաց Մինասյանը:
Նա հավելեց, որ փաստաբանները հայտարարում են Մբոլայի հետ պայմանագրի անթերի լինելու մասին: -0-
