SELECTORNEWS
Загрузка...

04:55
9/02/2012
Երևանը հանդես է գալիս Լեհաստանի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին. ԱԳՆ
18:52 | 26/ 02/ 2010

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն, ընդունելով Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հավատարմագրերի պատճեները, ընդգծեց երկկողմ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը:

«Հայաստանի և Լեհաստանի բարեկամությունը գալիս է դարերի խորքից, և մենք պետք է ջանքեր գործադրենք դրանց առավել ամրապնդման և խորացման ուղղությամբ»,- Նալբանդյանի խոսքերը մեջբերեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Նախարար Նալբանդյանը նաև հույս հայտնեց, որ Լեհաստանի նոր դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա երկու երկրների համագործակցության հետագա ընդլայնման գործում:

Իր հերթին դեսպան Ռաչինսկին, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, վստահեցրեց, որ պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը տարբեր բնագավառներում փոխգործակցությունը խորացնելու համար:

Զրուցակիցներն անդրադարձան առաջիկայում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերով Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի՝ Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Լեհաստանի հարաբերություններին, ինչպես նաև Հայաստան – ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ:

Զդիսլավ Ռաչինսկին ծնվել է 1959թ.: Ավարտել է Վարշավայի համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը: 1997-2001թթ. զբաղեցրել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավարի խորհրդականի պաշտոնը: 2001թվականից աշխատել է Լեհաստանի ԱԳՆ համակարգում: 2004-2007թթ. եղել է Թունիսում Լեհաստանի դեսպան: Տիրապետում է արաբերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն լեզուներին: -0-

 

 

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»