ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանը միշտ ուրախանում է Հայաստանի հաջողություններով և ցավում նրա խնդիրների համար, ինչպես և ինքը՝ Հայաստանը, ասել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին լրագրողներին իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպումը տեղի է ունեցել Բաթումիում: Երկու երկրների նախագահները քննարկել են հայ-վրացական բարեկամական հարաբերությունների խորացման և տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել «Վերին-Լարս» հսկիչ-անցագրային կետի բացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
«Ես կարծում եմ, այսպիսի անամպ հարաբերությունները, այսպիսի մտերմիկ համագործակցությունը ոչ միայն մեր վաստակն է, թեև մեծ է նաև մեր դերը, այն, առաջին հերթին, մեր ժողովուրդների վաստակն է», - ընդգծել է Սահակաշվիլին:
Նշելով, որ ամռանն այս քաղաք շատ հայեր են այցելում, և մարդիկ նրանց ուրախությամբ են հյուրընկալում՝ Սահակաշվիլին ընդգծել է, որ Աջարիայի մայրաքաղաքում ապրում են նաև շատ էթնիկ հայեր, կա հայկական եկեղեցի: «Բոլոր էթնիկ խմբերը համերաշխ են ապրում, և մենք շատ հպարտ ենք դրա համար ու համարում ենք այն մեր ձեռքբերումը», - ասել է Վրաստանի նախագահը:
Նախագահ Սարգսյանն իր հերթին ևս մեկ անգամ վերհաստատել է հայ-վրացական հիանալի հարաբերությունները և վստահություն հայտնել, որ այդպես կլինի մշտապես: «Մենք հազար տարի ապրել ենք որպես եղբայրներ և կշարունակենք այդպես», - ասել է Սարգսյանը:
Նախագահ Միխայիլ Սահակաշվիլու ուղեկցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը շրջել է Բաթումիում, ծանոթացել քաղաքում կատարվող աշխատանքներին և քաղաքի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերին:
Նախագահ Սերժ Սարգսյանի այցելել է նաև հայկական եկեղեցի, որտեղ հանդիպել է Աջարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:-0-
