SELECTORNEWS
Загрузка...

04:59
9/02/2012
Серж Саргсян и Михаил Саакашвили
ՀՀ նախագահը կարծում է, որ 2010 թվականը բեկումնային կդառնա հայ-վրացական հարաբերություններում
14:23 | 01/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ 2010 թվականը բեկումնային կդառնա հայ-վրացական հարաբերություններում:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, ամփոփելով Վրաստան կատարած երկօրյա մասնավոր այցի արդյունքները՝ Սարգսյանը գոհունակություն է հայտնել իր վրացի գործընկերոջ հետ ունեցած քննարկումներից:

«Մենք պետք է ավելի սերտորեն աշխատենք, շատ լրջորեն մտածենք ինտեգրացիոն գործընթացների մասին: Ես համոզված եմ, որ այս տարին մեր հարաբերությունների համար կդառնա բեկումնային` չնայած այդ հարաբերությունները միշտ էլ լավ են եղել ու հիմա էլ դրանք շատ լավ են: Բայց մենք սովոր ենք ոչ թե տեղում կանգնած մնալ, այլ առաջ գնալ», - ասել է ՀՀ նախագահը:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր հերթին նշել է, որ երկու պետությունների ղեկավարները պայմանավորվել են ինտեգրել տնտեսությունները, ավելի հաճախ շփվել, ավելի մեծ ջանքեր գործադրել հայ և վրացի ժողովուրդների էլ ավելի մերձեցման ուղղությամբ` չնայած այդ հարաբերություններն ինքնին շատ սերտ են:

«Ապագայում նման հանդիպումներն ավելի ինտենսիվ բնույթ կունենան` հանուն այն ամենի, ինչ մենք անում ենք մեր ժողովուրդների համար: Մենք փոքր երկրներ ենք և անհրաժեշտ ենք մեկս մյուսին: Մենք կախված ենք միմյանցից, և այդ փոխկախվածությունը պետք է ծառայեցնենք լավ գործեր կատարելուն», - ասել է Սահակաշվիլին:

Գտնվելով Բաթումիում՝ ՀՀ նախագահն այցելել է Բաթումիի «Սուրբ Փրկիչ» հայկական եկեղեցի, մասնակցել է մատուցված կիրակնօրյա պատարագին, մոմ վառել, այնուհետև ծաղիկներ դրել եկեղեցու բակում կանգնեցված խաչքար-հուշակոթողին:

Նախագահ Սարգսյանը եկեցեղու բակում շփվել է նաև պատարագին մասնակցած Աջարիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: --0--

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»