ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հույս ունի, որ Վերին Լարս հսկիչ-անցակետի բացմամբ կավելանան Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրի ծավալները:
«Հուսով եմ, որ նշված անցակետի բացմամբ կավելանան Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրի ծավալները, կնվազեն բեռների տեղափոխման ծախսերը: Այս ամենը, անկասկած, դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, կբարելավվի երկրի ներքին շուկայի մատակարարումը, իսկ դա նշանակում է, որ կլավանա նաև սոցիալական մթնոլորտը», - ասվում է ռուս-վրացական սահմանի վրա Վերին Լարս-Կազբեկի հսկիչ-անցակետի աշխատանքի վերսկսման կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից տրամադրած Կովալենկոյի մեկնաբանության մեջ:
«Մարտի 1-ից ռուս-վրացական սահմանի վրա վերսկսեց իր աշխատանքը Վերին Լարս-Կազբեկի տրանսպորտային անցակետը: Դա լավ նորություն է, քանի որ լրացուցիչ տրանսպորտային միջանցք է բացվում Ռուսաստանի և Հայաստանի միջև», - նշել է Կովալենկոն:
Նա հիշեցրել է, որ Վերին Լարս ռուսական սահմանային անցակետը չէր գործում 2006թ.-ից նորոգման մասշտաբային աշխատանքների պատճառով, որոնց նպատակը անցակետի թողունակության բարձրացումն էր ու այն ժամանակակից սարքավորումներով զինելը:
«Այժմ այդ նոր հսկիչ-անցակետը թույլ է տալիս սպասարկել օրական շուրջ 400 բեռնատար ավտոմեքենա», - ասել է դեսպանը:-0-
