ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը կշարունակի ջանքերը, որոնք ուղղված են Ադրբեջանի տարբեր բնակավայրերում հայկական կոտորածների կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելուն, երեքշաբթի հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն իր իսպանացի գործընկեր Միգել Անխել Մորատինոսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
«Ցավալի է, որ Սումգայիթում, Բաքվում և այլ բնակավայրերում խաղաղ ժամանակ կազմակերպած հայ բնակչության կոտորածներն անպատիժ են մնացել։ Ցավալի է, որ Ադրբեջանի անկախացումից անմիջապես հետո նրանք ազատ են արձակվել։ Հանցագործներն ու մարդասպանները պատիժ չեն կրել, ավելին, գովերգվել ու հերոսացվել են։ Վաղ թե ուշ հանցագործները կկրեն արժանի պատիժը, և Հայաստանը կշարունակի իր ջանքերը, որպեսզի նրանք պատասխանատվություն կրեն»,- հայտարարեց Նալբանդյանը։
Հայ նախարարը վստահություն հայտնեց նաև, որ կգա ժամանակ, երբ կբացահայտվեն և պատասխանատվություն կկրեն Խոջալուի հանցագործությունների իրական կազմակերպիչները։
Նա հիշեցրեց, որ Խոջալուի իրական կազմակերպիչների և իրական դեպքերի մասին է վկայում Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը, ադրբեջանական այլ աղբյուրներ, որոնք ներկայում Ադրբեջանում հալածանքների են ենթարկվում։
1988թ. փետրվարի 26-29-ը, Ադրբեջանի իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության լռակյաց թողտվությամբ, հայաբնակ Սումգայիթ (Ադրբեջանական ԽՍՀ) քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային կոտորածներ, որոնց ընթացքում, պաշտոնական տվյալներով, սպանվել է 32 և վիրավորվել են հարյուրավոր հայեր։ Մի քանի օրվա ընթացքում Սումգայիթի 14 հազար հայ բնակիչները լքեցին քաղաքը։
Սումգայիթյան իրադարձությունները պատասխանն էին 1988 թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի որոշման՝ «Արդբեջանի ԽՍՀ-ի կազմից Հայաստանի ԽՍՀ-ի կազմ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի փոխադրման մասին Ադրբեջանի ԽՍՀ-ի և Հայաստանի ԽՍՀ-ի Բարձրագույն խորհուրդներին ներկայացված միջնորդության մասին»։
1992թ. փետրվարի 25-26-ը ղարաբաղյան կողմը ռազմական գործողութուն է սկսել Խոջալու բնակավայրի կրակակետերի վերացման և նույն ավանի մոտ գտնվող միակ օդանավակայանի ապաշրջափակման նպատակով: 1991թ-ից սկսած հենց այդտեղից են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ենթարկվել ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակումներին, գնդակոծվել «Ալազան» «Կրիստալ» և համազարկային կրակի «Գրադ» ռեակտիվ կայանքներից:
Խոջալուն գրոհող ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը խաղաղ բնակիչների համար միջանցք էին թողել անվտանգ հեռանալու համար, ինչի մասին նախօրոք տեղեկացվել է հակառակորդ կողմը: Խոջալուի կրակակետերը ճնշելու գործողության նախապատրաստման մասին ևս հակառակորդին տեղեկացվել էր երկու ամիս առաջ, ինչը հաստատել են նաև Ադրբեջանի պաշտոնատար անձիք, մասնավորապես, այնժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը։
Սակայն Ադրբեջանի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել խաղաղ բնակչությանը մարտական գործողությունների գոտուց դուրս բերելու համար: Ավելին, խաղաղ քաղաքացիների շարասյունները գնդակահարվել են Աղդամի շրջանի սահմանային մատույցներում, որն ավելի ուշ հաստատել է Ա.Մութալիբովը` այդ հանցավոր գործողությունը կապելով իրեն իշխանությունից հեռացնելու և պատասխանատվությունը իր վրա բարդելու ընդդիմության փորձերի հետ:
Տարածքը, որտեղ հետագայում բազմաթիվ սպանվածների դիակներով կադրեր են նկարահանվել, գտնվել է Աղդամից` 3, Խոջալուից 11 կմ հեռավորության վրա: Ընդհուպ մինչև 1993 թ. ամռանը Աղդամի անկումը տվյալ տարածքը ամբողջովին վերահսկվում էր Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից, ինչը բացառում էր ղարաբաղյան բանակի ստորաբաժանումների մուտքն այդտեղ:-0-
