ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԶՈւ զինծառայող է սպանվել նախօրեին ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերում (հայ-ադրբեջանական սահման) հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքի հետևանքով, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող մարտական հենակետում թիվ 21127 զորամասի գնդացրային ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ 29-ամյա Սարգիս Ոսկանյանը հակառակորդի կողմից արձակված կրակոցից գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային գնդակային վիրավորում: Կատարվում է հետաքննություն»,- ասվում է հաղորդագրությունում։ -0-
