ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին հրամանագիր է ստորագրել Արտակ Շաբոյանին հինգ տարի ժամկետով Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից:
Փետրվարի 26-ին նախագահի հրամանագրով դադարեցվել էին Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի լիազորությունները՝ սեփական դիմումի համաձայն:
Արտակ Շաբոյանը ծնվել է 1975թ. ապրիլի 15-ին Երևանում: 1992-1997թթ. սովորել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետի Ֆինանսներ և վարկ բաժնում: 2000թ. ավարտել է նույն ինստիտուտի ասպիրանտուրան` ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
1998-2008թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում որպես մասնագետ, ավագ մասնագետ, գլխավոր մասնագետ, բաժնի պետ, վարչության պետ: Կենտրոնական բանկում աշխատել է վերահսկողության, վիճակագրության, վերլուծությունների և մեթոդաբանության, դրամավարկային քաղաքականության և սպառողների շահերի պաշտպանության ոլորտներում:
2008 թվականից զբաղեցրել է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը: Կոչումը` մաքսային ծառայության գնդապետ: 1998 թվականից մինչ օրս դասավանդում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում:
Հանդիսանում է Արժույթի միջազգային հիմնադրամի ֆինանսական վիճակագրության հարցերով խորհրդական: Հեղինակ է մի շարք վերլուծական հոդվածների, ուսումնամեթոդական ձեռնարկների: 2009 թվականից Հանրապետական կուսակցության անդամ է: Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:-0-
