ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումը կարող է ուժեղացնել Թուրքիայում հակահայկական տրամադրությունները, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը։
«Թուրքիայում միշտ եղել են հակահայկական տրամադրություններ, իսկ Կոնգրեսում բանաձևի քննարկումը կարող է սրել այդ տրամադրությունները, որոնք կարող են հիսթերիայի վերածվել»,- ասաց Մելքոնյանը։
Նա նշեց, որ Թուրքիայում տեղի է ունենում ուժերի վերաբաշխում զինվորական-քեմալականների, ովքեր փորձում են ուժեղացնել իրենց դիրքերը, և իսլամիստների միջև՝ ի դեմս «Արդարություն և զարգացում» կուսակցության, որի վարկանիշը զգալիորեն նվազել է։
Ըստ նրա՝ Թուրքիայում հակահայկական քարոզչությունը հասարակության շրջանում քաղաքական ուժերի վարկանիշի բարձրացման լավագույն և գործուն մեխանիզմներից է՝ 2011 թվականի մեջլիսի ընտրությունների պայմաններում, «Արդարություն և զարգացում» կուսակցության համար՝ ինքնապահպանության հարց։
«Թուրքիայում գոյություն ունի դիրքորոշում, որի համաձայն՝ ավելի լավ է, որպեսզի ԱՄՆ-ն ճանաչի ցեղասպանությունը, այդ ժամանակ նրանք այլևս չեն ունենա Թուրքիայի վրա ազդելու այդ լծակը»,- ասաց թուրքագետը։
Նա հիշեցրեց նաև այն դիրքորոշումը, որը ժամանակին նեղ շրջապատում հնչեցրել է նախագահ Օզալը։ Այն է՝ անհրաժեշտ է որևէ լուծում տալ ցեղասպանության հարցին, բայց այլ ձևակերպումով, և դրանով իսկ կասեցնել ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։
«Թուրքիան միջազգային ճանաչման կասեցման հարցում փորձում է նաև օգտագործել թուրքական լոբբիի գործոնը, որը, սակայն, հայկականից ավելի թույլ է»,- ասաց Մելքոնյանը։
Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը կքննարկվի ԱՄՆ Կոնգրեսում մարտի 4-ին։ Ներկայումս բանաձևին կողմ է 137 կոնգրեսական։ --0--
