ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի վարչության Մաշտոցի բաժնի Դավիթաշեն բաժանմունքի ՔՀ խմբի կրտսեր օպերլիազոր Գևորգ Գրիգորյանին խուլիգանության մեղադրանք է ներկայացվել, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
«Նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության` Երևանի վարչության Մաշտոցի բաժնի Դավիթաշեն բաժանմունքի ՔՀ խմբի կրտսեր օպերլիազոր Գևորգ Գրիգորյանը 2009թ. դեկտեմբերի 18-ին` 03:20-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ, «Օմեգա» գիշերային ակումբի դիմաց վիճաբանել է հիշյալ ակումբի անվտանգության աշխատակիցներ Տ. Հովակիմյանի և Ռ. Կիրակոսյանի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնվում է, նա հայհոյել և իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակից անկանոն 2 կրակոց է արձակել:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Քրեական գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:-0-
