SELECTORNEWS
Загрузка...



03:57
6/02/2012
ЕРЕВАН
Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմատենչ հայտարարությունները. Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ
16:01 | 03/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմատենչ հայտարարությունները, ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Կարինե Ղազինյանը՝ հանդես գալով Բուդապեշտում «Արևելյան գործընկերության» քաղաքականությանը նվիրված «Վիշեգրադի խումբ+» նախարարական հանդիպման ընթացքում։

«Տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամրապնդումը կարող է նպաստել քաղաքական խնդիրների լուծմանը, իսկ դրա համար նախևառաջ Ադրբեջանը պետք է դադարի ռազամատենչ հայտարարությունների և հայատյացության տարածումից»,- մեջբերեցին Ղազինյանի խոսքերը Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալը կարևորեց Արևելյան գործընկերության շրջանակներում տարածաշրջանային համագործակցությունը` ընդգծելով, որ որոշ երկրների հրաժարումը ծրագրով նախատեսված փոխգործակցությունից կարող է վտանգի տակ դնել Գործընկերության հաջողությունը:

Բացի այդ, մեկնաբանելով ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարությունները՝ Ղազինյանն ընդգծեց, որ ԼՂ ժողովուրդն ինքնորոշվել է միջազգային և խորհրդային գործող իրավունքի շրջանակներում:

Հայկական արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալը հայտնեց նաև, որ Հայաստանը ձգտում է առավել ամրապնդել համագործակցություն ԵՄ-ի և նրա անդամ երկրների հետ:

Նա նշեց ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր ստորագրելու Հայաստանի պատրաստակամությունը՝ հույս հայտնելով, որ Արևելյան Եվրոպայի երկրների փորձն այդ համատեսքստում օգտակար կլինի։

Կարևորելով Գործընկերության ներքո իրականացվող միջոցառումների ապակենտրոնացումը` Ղազինյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է հյուրընկալել բազմակողմ ձևաչափով կազմակերպվելիք որոշ հանդիպումներ, մասնավորապես, միջմարդկային շփումներին նվիրված պլատֆորմի շրջանակներում:

Նա հատուկ շեշտադրում կատարեց մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման հարցի վրա, քանի որ դա էապես կխթանի հասարակությունների և մարդկանց միջև շփումները:

 

«Վիշեգրադի խումբ+» նախարարական հանդիպումն անցկացվել է նախօրեին Բուդապեշտում։ Կարինե Ղազինյանի գլխավորած պատվիրակության կազմում էին ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը և Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը:

 

Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Բալաշի նախագահությամբ անցած նիստին ներկա էին Վիշեգրադի խմբի` Չեխիայի, Սլովակիայի, Լեհաստանի, Արևելյան գործընկերության մեջ ներառված պետությունների, բալթյան երկրների, Իսպանիայի, Շվեդիայի, Բելգիայի բարձրաստիճան ներկայացուցիչները, ինչպես նաև ԵՀ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

 

Հանդիպման ընթացքում քննարկվեց Արևելյան գործընկերության իրականացման ներկա փուլը, ուրվագծվեցին բազմակողմ համագործակցության այն ոլորտները, որտեղ առավել արդյունավետ կլինի գործակցության այս ձևաչափը:

 

Համաժողովի շրջանակներում Ղազինյանը երկկողմ հանդիպում ունեցավ ԵՀ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստան-ԵՄ համագործակցության երկկողմ օրակարգային հարցեր, տարածաշրջանային խնդիրներ:

«Արևելյան գործընկերությունը» պետք է ընդգրկի Եվրամիության վեց հարևան երկրներ՝ Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան և Բելառուսը։ ԵՄ ծրագրի շրջանակներում ԵՄ-ն հարևան երկրներին 600 մլն եվրո կտրամադրի 2009-2013 թվականներին։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»