SELECTORNEWS
Загрузка...

05:04
9/02/2012
Հայաստանը ձգտում է առավելագույնս օգտագործել «Արևելյան գործընկերություն» ծրագրի հնարավորությունները. ՀՀ նախագահ
16:28 | 03/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ձգտելու է առավելագույնս օգտագործել ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի հնարավորությունները, չորեքշաբթի ասաց  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդունելով Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հավատարմագրերը, հաղորդում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը:

Հանրապետության նախագահը շնորհավորել է դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ և ասել, որ Հայաստանը հետաքրքրված է Լեհաստանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների զարգացմամբ:

Նշելով, որ  Եվրամիության հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթ  նպատակներից է, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ ևս ակնկալում է ակտիվ աշխատանք:

Դեսպանն ասել է, որ Հայաստանում գտնվելու մեկ շաբաթվա ընթացքում արդեն իսկ համոզվել է, որ Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է  Լեհաստանի և  ընդհանրապես  Եվրամիության հետ որակական նոր հարաբերությունների զարգացմամբ:

Դեսպանը նաև նշել է, որ Լեհաստանը Եվրամիության «Արևելյան գործընկերության» ծրագրի նախաձեռնողներից մեկն է, ինչը լավ հիմք կարող է լինել ակտիվ փոխգործակցության համար:

«Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը ձգտելու է առավելագույնս օգտագործել ծրագրի ընձեռած հնարավորությունները»,- նշեցին մամուլի ծառայությունից:

Հանրապետության նախագահը և նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել հայ-լեհական փոխգործակցության հնարավոր ուղղությունների, տնտեսական նախագծերի շուրջ: Նախագահ Սարգսյանը հատկապես կարևորել է հումանիտար ոլորտում կապերի ընդլայնումը:

Դեսպան Ռաչինսկին հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը` խորացնելու փոխգործակցությունը տարբեր բնագավառներում: Կողմերը երկու երկրները շաղկապող բնական կամուրջ են համարել լեհահայ համայնքը:

Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ նորանշանակ դեսպանն իր գործունեության ընթացքում ամենայն աջակցություն կստանա Հայաստանի պետական կառավարման մարմինների կողմից:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»