ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան ինքն է ընդունել նախապայմանների բացակայությունը հայ-թուրքական արձանագրություններում, հինգշաբթի հայտարարեց Հայաստանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը։
«Դրա համար բավական է ընթերցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի վերջերս տված հարցազրույցն ԱՄՆ-ում, որտեղ հստակ ասվում է, որ ստորագրման ժամանակ նախապայմաններ առաջ չեն քաշվել, քանի որ հայերն էլ կառաջադրեին իրենց նախապայմանները»,- ասաց նա։
Ահմեդ Դավութօղլուն թուրքական «Radikal» թերթին տված հարցազրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չի ընդգրկվել արձանագրություններում որպես նախապայման, քանի որ այդ դեպքում Հայաստանը կբարձրացներ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։
Իսագուլյանն ընդգծեց, որ հայ-թուրքական արձանագրությունները չեն պարունակում որևէ նախապայման, մասնավորապես, կապված ղարաբաղյան հարցի կամ ցեղասպանության միջազգային ճանաչման հետ, և որ այդ կապակցությամբ կա Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը, որը պարտադիր է Հայաստանի իշխանությունների համար։
Հայաստանի Սահմանադրական դատարանը հունվարի 12-ին արձանագրություններում ամրագրված պարտավորությունները Հայաստանի սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել: Ընդունելով, որ կողմերի սահմանած պարտավորությունները փոխադարձ միջպետական բնույթ են կրում և չեն կարող երրորդ երկրի վրա, ՍԴ-ն միաժամանակ փաստել է նաև, որ արձանագրությունների առաջնահերթային դրույթն է հանդիսանում հայ-թուրքական սահմանի փաստացի բացումը, և մյուս բոլոր պարտավորություններն իրավական ուժ են ստանում միայն հայ-թուրքական սահմանի բացման առկայությունից հետո:
Իսագուլյանն ավելացրեց նաև, որ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնցով նախատեսվում է երկրի դուրս գալը միջազգային պայմանագրից մինչև վերջինիս՝ ուժի մեջ մտնելը, որևէ կերպ կապված չեն հայ-թուրքական գործընթացի հետ, այլ միայն կոչված են վերացնել օրենսդրության բացերը։
Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-
