ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան կարգավորման Մադրիդյան սկզբունքների դրույթները մինչև խաղաղ պայմանագրի վերջնական կնքումը կարող են փոփոխվել, կարծում է ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:
«Մադրիդյան սկզբունքները բանակցությունների հիմք հանդիսացող փաստաթուղթ է: Բայց դա չի նշանակում, որ այնտեղ գրվածները չեն կարող փոփոխվել: Մինչ այս որպես հիմք շատ այլ փաստաթղթեր են ընդունվել, սակայն հետո դրանք փոփոխվել են»,- հինգշաբթի լրագրողներին հայտարարեց Իսագուլյանը: Նա ավելացրեց, որ քանի դեռ կողմերից երկուսի համար էլ պարտադիր այդ պայմանագիրը չի կնքվել, այդ փաստաթղթերը տասն անգամ էլ կարող են փոփոխվել:
Ընդ որում Իսագուլյանը նշեց, որ Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, իր առաջարկություններ է մտցրել Մադրիդյան սկզբունքների առնչությամբ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին ներկայացրեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքները: Մադրիդյան սկզբունքների թվում են, մասնավորապես, հանրաքվեի միջոցով ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ընդհանուր ցամաքային սահմանի առկայության անհրաժեշտությունը, անվտանգության երաշխիքների տրամադրումը։
Խոսելով ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու խնդրի մասին, Իսագուլյանը հայտարարեց. «Հայաստանն այն երկիրը չէ, որը պետք է տարածքներ վերադարձնի: Հայաստանը ոչ ոքի տարածքը չի զբաղեցրել, որ հիմա էլ վերադարձնի: Տարածքի հարցը կարելի է քննարկել միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ»:
Նա ընդգծեց, որ Ադրբեջանին 5 շրջաններ վերադարձնելու առնչությամբ ոչ մի համաձայնագիր չկա և ավելացրեց, որ հայկական ընդդիմության կողմից հնչող բոլոր նման հայտարարությունները ուղերձ են արտաքին ուժերին այն մասին, որ իր իշխանության գալու դեպքում ինքը համաձայն է վերադարձնել դրանք:
Իսագուլյանը նշեց նաև, որ բանակցությունների ժամանակակից փուլում հայկական կողմը հարցեր է բարձրացրել, որոնք ավելի վաղ չեն բարձրացվել, մասնավորապես Ղարաբաղի Շահումյանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների տարածքների հետ կապված հարցեր, որոնք օկուպացված են Ադրբեջանի կողմից, ինչպես նաև հայ փախստականների խնդիրը:
Նա ընդգծեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հստակ նշել է այն սահմանը, մինչև ուր Հայաստանը կարող է հասնել փոխադարձ զիջումների դեպքում: «ԼՂՀ-ն երբեք չի եղել և չի կարող լինել անկախ Ադրբեջանի կազմում: Սա այն սահմանն է, որ Հայաստանը հստակ նշել է»,- նշեց նա:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-
