ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ասթմայով հիվանդների թիվը հարապետությունում բոլոր գրանցված հիվանդների ընդհանուր թվի 5-7%-ի սահմաններում է տատանվում, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան, Ռուսաստանի Բնագիտությունների ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանը:
«Հայաստանում բժշկական օգնության են դիմում բրոնխիալ ասթմայի ծանր տեսակով տառապողները, իսկ հիվանդության ծանր տեսակով տառապողների թիվը հիվանդների ընդհանուր թվի շուրջ 5-7 տոկոսն է կազմում»,- ասաց պրոֆեսորը:
Հիմնվելով այս տվյալների վրա, պրոֆեսորը պարզեց, որ Հայաստանում ասթմայով տառապողների թիվը գերազանցում է 100 հազարը, իսկ բրոնխիալ ասթմայով տառապող երեխաների թիվը տատանվում է 30-40 հազարի սահմաններում:
Միևնույն ժամանակ Ոսկանյանը նշեց, որ 28 հայկական դպրոցում կատարած հետազոտությունների արդյունքներով հաստատվել է, որ հետազոտված դպրոցականների շուրջ 12,6 տոկոսը (առաջինից երրորդ դասարանների շուրջ 5 հազ. սովորողներ) ասթմա ունեն: Ընդ որում հանրապետության պոլիկլինիկաներում հաշվառման մեջ են գտնվում բոլոր հիվանդների միայն 0,9 տոկոսը (այսինքն շուրջ 30 հազ. հիվանդ):
Պրոֆեսորը նշեց, որ անհրաժեշտ է հաշվի առնել, որ բրոնխիալ ասթման ոչ թե հիվանդություն է, այլ ավելի շուտ օրգանիզմի՝ շնչառական խնդիրներից բխող պաշտպանական ռեակցիա՝ պայմանավորված մի շարք արտաքին գրգռիչներով, ինչպիսիք են ծուխը, փոշին, հոտերը, արևի ճառագայթները և այլ գործոններ:
Այս առնչությամբ, փորձագետի խոսքերով, բարեհաջող բուժման համար անհրաժեշտ է «բացահայտել ու արմատախիլ անել գրգիռի աղբյուրը, պատճառը»:
«Շնչառական հիվանդությունների բուժումը շատ ավելի արդյունավետ է բնաթերապևտիկ մեթոդներով, ինչպիսիք են ծովային կլիման, բարձրլեռնային կլիման, աղային բուժումը»,- ասաց Ոսկանյանը:
Պրոֆեսորի խոսքերով, Հայաստանում նման բուժումը բարեհաջող կատարվում է Հանրապետական սպելեոթերապևտիկ կենտրոնում, որը Հայաստանում գործում է 1987 թ.-ից:
«Ամեն օր այս կենտրոն բուժվելու է գալիս շուրջ 100-120 մարդ, 20 սեանսից բաղկացած կուրսը 165 հազար դրամ արժե»,- նշեց Ոսկանյանը: -0-
