SELECTORNEWS
Загрузка...

04:38
9/02/2012
Артак  Давтян
ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը ընդամենը ժամանակի հարց է. պատգամավոր
17:29 | 05/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը ընդամենը ժամանակի հարց է, ուրբաթ ասաց ՀՀ Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ, գիտության, կրթության, երիտասարդության ու սպորտի հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը մարտի 4-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Բանաձևի ընդունմանը «կողմ» է քվեարկել 23 կոնգրեսական, դեմ՝ 22 կոնգրեսական: Քվեարկությունը չի նշանակում, որ բանաձևը վերջնականապես ընդունվել է, այժմ փաստաթուղթը հաստատված տեսքով պետք է ներկայացվի ներկայացուցիչների պալատի ամբողջական կազմի քննարկմանը:

«Հավանականությունը, որ ԱՄՆ կոնգրեսը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը, բավականին բարձր է, քանի որ պետք չէ մոռանալ, որ ԱՄՆ շատ նահանգներ այս կամ այն կերպ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, և Կոնգրեսի ճանաչումը միայն ժամանակի հարց է»,- ասաց Դավթյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ:

Ինչպես կարծում է պատգամավորը, բանաձևի ընդունումը սեփական պատմության ու նրա սև էջերի հետ հետ հաշվի նստելու հերթական «ուղերձն» է Թուրքիային, եթե նա ուզում է ժողովրդավարական երկիր դառնալ:

«Բանաձևի ընդունումը խթան է, որպեսզի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի իր ամենամյա ելույթի ընթացքում օգտագործի «Ցեղասպանություն» տերմինը, իսկ ճանաչումն այլ երկրներում հասել է իր տրամաբանական ավարտին»,- ասաց Դավթյանը:  

ԱՄՆ նախագահներն ավանդաբար ապրիլի 24-ին հանդես են գալիս հայտարարությամբ՝ եղեռնի զոհերի հիշատակին։ Իր ելույթում 2009 թվականին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, խոսելով 1915 թվականի իրադարձությունների մասին, օգտագործել է «Մեծ Եղեռն» արտահայտությունը՝ հայերենից թարգմանաբար՝ «մեծ ցեղասպանություն»։

Ընդ որում պատգամավորը չբացառեց, որ ԱՄՆ Կոնգրեսը բանաձևն ընդունի արդեն այս տարի, քանի որ «նախօրեին միջազգային գործերի Կոմիտեի նիստի ներկա ոչ մի կոնգրեսական բուն Ցեղասպանության փաստը կասկածի տակ չի առել»:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է, որին զոհ գնաց 1,5 միլիոն հայ:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ: Առաջինը դա 1965 թ.-ին արել է Ուրուգվայը, որի օրինակին հետևել են Ռուսաստանի Դաշնությունը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»