05:03
11/09/2010
Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելիս՝ Թուրքիան գիտեր նախապայմանների բացակայության մասին. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան
18:58 | 05/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան գիտեր, թե ինչի է գնում, ստորագրելով հայ-թուրքական արձանագրությունները, որոնցում չկան նախապայմաններ, ուրբաթ հայտարարեց Հայաստանում Գերմանիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Հանս-Յոհեն Շմիդտը Կովկասի ինստիտուտի և տնտեսական ու սոցիալական հետազոտությունների թուրքական հիմնադրամի կազմակերպած «Հայ-թուրքական երկխոսություն. Հարաբերությունների վերականգնման գործընթաց» կլոր սեղանի ժամանակ:

«Արձանագրությունները ստորագրելով՝ կողմերն ընդունեցին, որ հրաժարվում են իրենց նախապայմաններից»,- հայտարարեց դեսպանը՝ ավելացնելով, որ եվրոպական մոտեցումը նման հարցերին ստանձնած պարտականությունները կատարելն է:

Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Շմիդտը նշեց, որ Թուրքիան, որպես տարածաշրջանում կարևոր խաղացող, պետք է իր հարաբերությունները կարգավորի ոչ միայն Ադրբեջանի ու Վրաստանի, այլև Հայաստանի հետ, և «որպես մեծ երկիր նա պետք է այդ հարցում նախաձեռնություն դրսևորի»:

Նա կոչ արեց Թուրքիային հետևել Գերմանիայի օրինակին, որն իր քաղաքականության մեջ հաշվի է առնում փոքր հարևանների՝ Լյուքսեմբուրգի, Բելգիայի և մյուսների շահերը:

Իր հերթին Բելգիայում և Չեխիայում նախկին թուրքական դեսպան Թեմել Իսկիթը նշեց, որ Թուրքիան տրամադրված էր Հայաստանի հետ հարաբերությունների հաստատմանը, և արձանագրություններում նախապայմանների բացակայությունը բխում էր «կառուցողական անորոշության» նկատառումներից դրանց ստորագրումը երաշխավորելու համար:  

Սակայն թուրք փորձագետը հավելեց, որ արձանագրությունների վավերացման ճանապարհին բավականին հզոր խոչընդոտներ ի հայտ եկան, մասնավորապես, ադրբեջանական ճնշումը Թուրքիայի վրա, ինչն իր ազդեցությունն ունեցավ ու դադարեցրեց գործընթացը:

Դեսպանի խոսքով, հայ-թուրքական գործընթացի վրա վատ ազդեցություն ունեցավ նաև ԱՄՆ Միջազգային գործերի կոմիտեի կողմից հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը:

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը մարտի 4-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Բանաձևի ընդունմանը «կողմ» է քվեարկել 23 կոնգրեսական, դեմ՝ 22 կոնգրեսական: Քվեարկությունը չի նշանակում, որ բանաձևը վերջնականապես ընդունվել է, այժմ փաստաթուղթը հաստատված տեսքով պետք է ներկայացվի ներկայացուցիչների պալատի ամբողջական կազմի քննարկմանը:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է, որին զոհ գնաց 1,5 միլիոն հայ:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ: Առաջինը դա 1965 թ.-ին արել է Ուրուգվայը, որի օրինակին հետևել են Ռուսաստանի Դաշնությունը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»