23:20
6/09/2010
ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը նպատակաուղղված է Թուրքիայի վրա ճնշում գործադրելուն. փորձագետ
12:59 | 09/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ Կոնգրեսի սկսած Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը չափազանց քաղաքականացված է և բացառապես նպատակուղղված է Թուրքիայի վրա ճնշում գործադրելուն, կարծում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

«Ավելին՝ այդ գործընթացն իր մեջ Հայաստանի համար վտանգ է պարունակում», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փորձագետը:

Նա պարզաբանեց, որ Թուրքիան վերջերս փոխել է իր արտաքին-քաղաքական ուղղվածությունն ու ձգտում է մերձենալ Ռուսաստանի, արևելյան երկրների հետ և հեռացել է ԱՄՆ-ից:

«Շահարկելով Ցեղասպանության ճանաչման սպառնալիքով՝ Միացյալ Նահանգները ձգտում են թույլ չտալ Թուրքիայի արտաքին-քաղաքական կողմնորոշման փոփոխությունը, սակայն դրա համար ընտրել են շանտաժի ուղին: Դա կարող է հանգեցնել հակառակ արդյունքի, այսինքն՝ ռուս-թուրքական դաշինքի ձևավորման: Իսկ դա, ինչպես ցույց է տալիս պատմությունը, հայ ժողովրդի համար որևէ լավ բան չի կանխատեսում», - ընդգծեց Գրիգորյանը:

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը մարտի 4-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Բանաձևի ընդունմանը «կողմ» է քվեարկել 23 կոնգրեսական, դեմ՝ 22 կոնգրեսական: Քվեարկությունը չի նշանակում, որ բանաձևը վերջնականապես ընդունվել է, այժմ փաստաթուղթը հաստատված տեսքով պետք է ներկայացվի ներկայացուցիչների պալատի ամբողջական կազմի քննարկմանը:

Գրիգորյանն ավելացրեց, որ եթե հարավկովկասյան տարածաշրջանում չլինի տարբեր պետությունների և դաշինքների շահերի մշտական բախում, ապա դա կարող է անցանկալի զարգացումների հանգեցնել Հայաստանի համար:

«Այս խաղը հարգանք չի բերում ԱՄՆ-ին», - ընդգծեց Գրիգորյանը:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ: Առաջինը դա 1965 թ.-ին արել է Ուրուգվայը, որի օրինակին հետևել են Ռուսաստանի Դաշնությունը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:--0—

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»