18:47
30/07/2010
Президент Армении Серж Саргсян
Հայաստանի նախագահը եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա
13:09 | 09/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-11-ը եռօրյա պաշտոնական այցով կլինի Ֆրանսիայում, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավոր, հայ-ֆրանսիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մարտի 10-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Ելիսեյան պալատում կհուրընկալի Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին: Երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգը, միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներ:

Ի պատիվ Հայաստանի նախագահի` Ֆրանսիայի նախագահի անունից կտրվի պաշտոնական ճաշ:

Ֆրանսիա պաշտոնական այցի շրջանակում նախագահ Սարգսյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի և Ազգային Ժողովի նախագահ Բեռնար Ակոյեի հետ:

ՀՀ նախագահը Փարիզում հանդիպում կունենա նաև ֆրանսահայ համայնքի նշանավոր գործիչների հետ, կայցելի «Matignon» ցուցասրահ, որտեղ հռչակավոր նկարիչ Ժանսեմի ուղեկցությամբ կդիտի նրա նկարների հավաքածուն:

Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց կտա միջազգային մի քանի լրատվամիջոցների:

ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը Երևան կվերադառնա մարտի 11-ին:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»