ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան, ով Երևանում էր գտնվում «The No Smoking Orchestra» խմբի համերգի շրջանակներում, Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ նշեց, որ մեծ ներուժ է տեսնում Հայաստանում:
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, նշանավոր ռեժիսորը նշեց, որ իր համար հաճելի է լինել Հայաստանում և ծանոթանալ մի ժողովրդի հետ, որն իր կրած տառապանքներով նման է սերբ ժողովրդին:
Կուստուրիցան անդրադարձավ նաև հոգևոր արժեքների կարևորությանը, նաև Վեհափառ Հայրապետին ներկայացրեց իր առաջիկա անելիքները:
Վեհափառ Հայրապետը ներկայացրեց Հայ Եկեղեցին և նրա կարևոր դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում, ազգային-հոգևոր արժեքների և ազգային ինքնության պահպանության գործում:
Նորին Սրբությունն անդրադարձավ նաև Եկեղեցու ազգային դիմագծին և այն հսկայական ներդրմանը, որ Հայ Եկեղեցին ունեցել է հայկական մշակույթի կերտման և զարգացման գործում:
Ամենայն Հայոց կաթողիկոսը վերհիշեց նաև իր հանդիպումը հայտնի կինոռեժիսորի հետ այս տարվա հունվարին Մոսկվայում, երբ Նորին Սրբությանը և Կուստուրիցային Ուղղափառ ժողովուրդների միաբանության միջազգային հիմնադրամի կողմից հանձնվեց Ալեքսի Բ պատրիարքի անվան 2009թ. մրցանակ` հարակության կյանքում հոգևոր արժեքների հաստատման և ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար:
Հանդիպման ավարտին ողջ նվագախումբն այցելեց Վեհարանի թանգարան` ծանոթանալով հայ ժողովրդի հոգևոր-մշակութային արժեքներին:--0--
