SELECTORNEWS
Загрузка...

07:38
9/02/2012
Հայոց ցեղասպանության ընդունման բանաձևը ԱՄՆ-ի դիվանագիտական հարվածն էր Թուրքիային
19:15 | 09/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ Կոնգրեսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձևը դիվանագիտական հարված էր Թուրքիային, երեքշաբթի լրագրողներին ասաց ընդդիմադիր պատգամավոր Վարդան Խաչատրյանը:

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը մարտի 4-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Բանաձևի ընդունմանը «կողմ» է քվեարկել 23 կոնգրեսական, դեմ՝ 22 կոնգրեսական: Քվեարկությունը չի նշանակում, որ բանաձևը վերջնականապես ընդունվել է, այժմ փաստաթուղթը հաստատված տեսքով պետք է ներկայացվի ներկայացուցիչների պալատի ամբողջական կազմի քննարկմանը:

Խաչատրյանն ընդգծեց, որ տվյալ փաստաթղթի ընդունումը չի համարում բացառապես հայկական լոբբի ձեռքբերումը:

«ԱՄՆ Կոնգրեսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի կողմից բանաձևի ընդունումը ԱՄՆ-ի բնական պատասխանն էր Թուրքիային, որն առնվազն երկու շոշափելի հարված էր հասցրել ԱՄՆ-ին: Առաջինը, ըստ պատգամավորի, հասցվել էր այն ժամանակ, երբ Թուրքիան չէր թույլատրել իր տարածքով անցկացնել Իրաք գնացող զորքը, երկրորդ հարվածը Թուրքիան հասցրել էր ռուս-վրացական դիմակայության շրջանում ամերիկյան նավերի համար սևծովյան նեղուցների փակումով:

Խաչատրյանի խոսքով, վերջին հաշվով, Հայոց ցեղասպանության մասին բանաձևի վերջնական ճակատագիրը պետք է որոշի ԱՄՆ նախագահը:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է, որին զոհ գնաց 1,5 միլիոն հայ:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ: Առաջինը դա 1965 թ.-ին արել է Ուրուգվայը, որի օրինակին հետևել են Ռուսաստանի Դաշնությունը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»