18:43
30/07/2010
«Արմավիա» ավիաընկերությունը Call-center է բացել
16:43 | 10/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Արմավիա» ավիաընկերությունը 2010 թ.-ի մարտի 1-ից տեղեկատվական կենտրոն է (Call-center) գործարկել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ «Արմավիայի» տեղեկատվական կենտրոնը ստեղծվել է ավիաընկերության հաճախորդների հետ անմիջական կապի և օպերատիվ աշխատանքի համար: Կենտրոնի օգնությամբ կարելի է տեղեկատվություն ստանալ չվացուցակի, նոր ծառայությունների, բեռնափոխադրումների կանոնների, գների մասին, իսկ հեռանկարում հնարավոր կլինի նույնիսկ ամրագրել «Արմավիայի» և գործընկեր-ավիաընկերությունների ավիատոմսերը, ինչպես նաև տեղեկանալ զեղչերի, արտոնությունների, բոնուսային ծրագրերի և նորամուծությունների մասին:

«Բացի այդ հաճախորդները կարող են կիսել իրենց տպավորությունները թռիչքի, մատուցված ծառայությունների, ընկերության գրասենյակներում աշխատակիցների աշխատանքի մասին, տեղեկացնել ծագած խնդիրների մասին, առաջարկ անել սպասարկման բարելավման վերաբերյալ», - ասվում է տեղեկատվության մեջ:

Մամուլի ծառայությունից նշեցին, որ կարևորելով ուղևորների հետ հետադարձ կապը՝ տեղեկատվական կենտրոնը, հաճախորդներին տրամադրելով հարցված տեղեկատվությունը, միաժամանակ օպերատիվ կերպով արձագանքելու է հաճախորդների ցանկացած խնդրին, ցանկությանն ու նկատողություններին: Կենտրոնի օպերատորների և հաճախորդների միջև ընթացող բոլոր հեռախոսազրույցները ձայնագրվելու են՝ ստացվող և դուրս եկող տեղեկատվության մանրամասն վերահսկման նպատակով:

Տեղեկատվական կենտրոնի հետ կարելի է կապնվել ցանկացած քաղաքից՝ զանգահարելով +(37410) 28 10 83, +(37410) 59 30 82 հեռախոսահամարներով կամ ուղարկելով էլեկտրոնային նամակ call@u8.am հասցեին: «Արմավիայի» կենտրոնն աշխատում է ժամը 9:00-ից մինչև 18:00-ն, սակայն մոտ ժամանակներս ծրագրվում է կենտրոնի աշխատանքը դարձնել շուրջօրյա:

«Արմավիա» ընկերությունը Հայաստանի ազգային ավիափոխադրողն է, որն ամբողջովին համապատասխանում է IATA-ի միջազգային պահանջներին: Այսօրվա դրությամբ «Արմավիան» կատարում է ամսական ավելի քան 340 չվերթ աշխարհի 20 երկրների 35 ուղղություններով:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»