ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանն ընդլայնելու է իր մասնակցությունը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀԿ), չորեքշաբթի ՍԾՏՀԿ Մշտական միջազգային քարտուղարության Գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՍԾՏՀԿ-ում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Միքայել Վարդանյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Տեղեկատվության համաձայն՝ Վարդանյանը նշել է, որ իր պաշտոնավարության ընթացքում կշարունակի ջանքեր գործադրել կազմակերպության շրջանակում համագործակցության տարբեր ոլորտներում Հայաստանի շահերը պաշտպանելու, սոցիալ-տնտեսական նախագծերում Հայաստանի մասնակցությունն ընդլայնելու ուղղությամբ: Նա նաև կարևորել է Հայաստանի մասնակցությունը բազմակողմ համագործակցության ձևաչափում:
Վարդանյանը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Քրիզանթոպուլոսին է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը:
Քրիզանթոպուլոսն իր հերթին գոհունակությամբ նշել է Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը կազմակերպության շրջանակում իրականացվող աշխատանքներում, մասնավորապես վերջին տարիների ընթացքում՝ բարձր գնահատելով Հայաստանի հստակ և կառուցողական մոտեցումներն ու դիրքորոշումները, որոնք ուղղված են տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացմանն ու ՍԾՏՀ կազմակերպության արդյունավետության բարձրացմանը:
Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են համագործակցության արդիական խնդիրներն ու ապագա անելիքները, ինչպես նաև ՍԾՏՀ-ԵՄ գործակցությունը:
Միքայել Վարդանյանը հանդիպել է նաև ՍԾՏՀ Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Նոյան Սումրուի հետ, որից հետո քարտուղարության շենքում կազմակերպվել է ընդունելություն:
Նույն օրը Միքայել Վարդանյանին ընդունել է Թուրքիայի Հայոց Կրոնական Ժողովի Ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Հանդիպման ընթացքում արքեպիսկոպոս Աթեշյանը նորանշանակ մշտական ներկայացուցչին ներկայացրել է Ստամբուլի հայ համայնքի առօրյան:-0-
