SELECTORNEWS
Загрузка...

21:22
8/02/2012
Эдвард Налбандян
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների փոխադարձ պետական այցերը կարող են տեղի ունենալ մոտ ժամանակներում. Նալբանդյան
10:35 | 11/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Նիկոլա Սարկոզիի փոխադարձ պետական այցերը կարող են տեղի ունենալ մոտ ժամանակներում, չորեքշաբթի լրագրողներին է ասել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքերով՝ չորեքշաբթի Փարիզում տեղի ունեցած երկու պետությունների առաջնորդների հանդիպման ժամանակ Սարկոզին հրավիրել է Սարգսյանին պետական այց կատարել Ֆրանսիա, և հրավերը սիրալիր կերպով ընդունվել է: ՀՀ նախագահն իր հերթին նմանատիպ հրավեր է փոխանցել իր ֆրանսիացի գործընկերոջը, ով ևս սիրալիր կերպով համաձայնել է պետական այց կատարել Հայաստան:

«Այցերի ժամկետները կճշտվեն դիվանագիտական խողովակներով: Կարծում եմ, որ դրանք կկայանան մոտ ժամանակներում», - մեջբերում է Նալբանդյանի խոսքերը Հայաստանի հանրային հեռուստատեսությունը:

ՀՀ նախագահը մարտի 9-ից եռօրյա պաշտոնական այցով գտնվում է Ֆրանսիայում:

ՀՀ ԱԳ նախարարի խոսքերով, ՀՀ նախագահի՝ Ֆրանսիա կատարած այցը ևս մեկ լավ առիթ է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը հաստատելու, երկու պետությունների ղեկավարների միջև քաղաքական երկխոսությունը շարունակելու համար:

Նալբանդյանը նշել է, որ երկու նախագահների հանդիպումը, ինչպես նախկինում, տեղի է ունեցել շատ ջերմ, անկեղծ և փոխվստահության մթնոլորտում, «ինչը բնորոշ է մեր երկու երկրների միջև հարաբերությունների և փոխադարձ վստահության վրա կառուցված՝ երկու երկրների առաջնորդների անձնական հարաբերությունների համար»:

Նախարարը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր, մանրամասն քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որի նախաձեռնողը Հայաստանն է:

«Ֆրանսիան մշտապես իր աջակցությունն է հայտնել այդ գործընթացին և այդ ուղղությամբ Հայաստանի գործադրված ջանքերին», - ասել է Նալբանդյանը:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»