ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման գործընթացն անհրաժեշտ է հասցնել տրամաբանական ավարտին. հինգշաբթի Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԵԱՀԿ ԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը։
«Բարելավման գործընթացը պետք է մոտենա իր տրամաբանական ավարտին։ Ես կոչ եմ անում երկու երկրների խորհրդարաններին վավերացնել արձանագրությունները»,- հայտարարեց Լենմարկերը։
Ըստ նրա՝ Հայաստանի և Թուրքիայի նախագահների միջև հանդիպումը Երևանում 2008 թվականի սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած ֆուտբոլային խաղի ժամանակ գործընթացի լավ սկիզբ էր։
Նա ընդգծեց, որ գիտի հայ ժողովրդի պատմությունը և հասկանում է, որ դա դժվար է ու ցավալի։ Սակայն միաժամանակ նա նշեց, որ Թուրքիայի համար դա նույնպես բարդ որոշում է։
Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։
Փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններն ուղարկեց Հայաստանի Ազգային Ժողով՝ վավերացման համար։ -0-
