SELECTORNEWS
Загрузка...


04:19
22/05/2012

Президент Армении Серж Саргсян
Հայաստանը արձանագրություններից հետ կկանչի ստորագրությունը, եթե Թուրքիան օգտագործի հայ-թուրքական գործընթացն այլ նպատակների համար. նախագահ
10:48 | 12/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը հետ կկանչի հայ-թուրքական արձանագրությունների տակ դրված ստորագրությունը, եթե Թուրքիան օգտագործի հայ-թուրքական կարգավորման գործընթացը այլ նպատակների համար, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ֆրանսիական «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցում:

«Բնականոն հարաբերություններ հաստատելու իմ ցանկությունը մեծ է: Սակայն, Թուրքիայի վերջին հայտարարություններն ինձ մտածել են տալիս, որ նրանք արձանագրությունները տեսանելի ապագայում չեն վավերացնելու: Մենք զգուշացրել էինք, որ եթե համոզվենք, որ թուրքերը կարգավորման գործընթացն օգտագործում են այլ նպատակների համար, կձեռնարկենք համապատասխան քայլեր: Այդ դեպքում մենք արձանագրություններից հետ կկանչենք մեր ստորագրությունը», - ասել է նախագահը:

ՀՀ նախագահը հիշեցրել է, որ Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների դժվարին պատմություն ունեն: Արդեն 95 տարի է, ինչ Թուրքիան ժխտում է 1915 թվականին Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանության իրողությունը:

«Երբ ես հրավիրեցի Թուրքիայի նախագահին Երևան` ներկա գտնվելու մեր երկու ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպմանը, իմ նպատակն էր մեր երկրների միջև հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: 2009 թ. հոկտեմբերին, արձանագրությունների ստորագրման ժամանակ, պայմանավորվածություն կար, որ վերջիններս  պետք է վավերացվեն ողջամիտ ժամկետներում և առանց նախապայմանների: Մենք ասել ենք, որ Հայաստանը կվավերացնի արձանագրությունները Թուրքիայի կողմից դրանք վավերացնելուն պես: Մինչդեռ,  Թուրքիան չի դադարում նախապայմաններ  առաջադրել դրանց վավերացման համար, որոնցից հիմնականը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին», - նշել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը կարծում է, որ հարաբերությունների կարգավորման խնդիրը պետք է լուծվի թուրքերի կողմից: Նա ընդգծել է, որ 21-րդ դարում անընդունելի է, որ սահմանը փակ լինի և խոսվի նախապայմանների լեզվով: Ասում ենք` եկեք նախ հաստատենք հարաբերություններ, այնուհետև խոսենք բոլոր հարցերի մասին:

ՀՀ նախագահի խոսքերով՝ երկու երկրներն էլ ցանկանում են խորացնել իրենց հարաբերությունները Եվրոպայի հետ և նրա հետ կիսել արժեքային ընդհանրությունը, ինչը բացառում է միմյանց նկատմամբ որևէ թշնամական գործողություն:

«Եվ միջազգային հանրությունը, կարծում եմ, պետք է իր ծանրակշիռ խոսքն ասի այս հարցի կապակցությամբ», - ընդգծել է նախագահը:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև վերջերս, երբ երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»