ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը կարող է ետ կանչել իր ստորագրությունները հայ-թուրքական արձանագրությունների տակից մինչև ապրիլի վերջ, եթե փոփոխություններ տեղի չունենան փաստաթղթերի վավերացման գործընթացում, կարծում է փորձագետ, Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
Փորձագետի կարծիքով՝ ներկայումս «կողմերն ավելի շատ մտածում են ոչ թե այն մասին, թե ինչպես վավերացնել արձանագրությունները, այլ այն մասին, թե ինչպես գործընթացի ձախողման մեղքը գցել մյուս կողմի վրա»։
Իսկանդարյանն ընդգծեց նաև, որ ստորագրությունների հետ կանչելը չվավերացված արձանագրությունների տակից քաղաքական ակտ է, քանի որ դրանք առայժմ իրավաբանական բնույթ չեն կրում։
Փորձագետն ավելացրեց, որ թեև վերջիվերջո երկու երկրների միջև սահմանը կբացվի, սակայն ներկայիս գործընթացի ձախողումից հետո կողմերը կգան հարաբերությունների այն մակարդակին, որոնք եղել են մինչև «ֆուտբոլային դիվանագիտության» (որը սկսվեց 2008 թվականին՝ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի՝ Երևան ժամանելու և Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու հրավերից) սկիզբը։
Իսկանդարյանի կարծիքով՝ ներկայումս Թուրքիայի վրա արձանագրությունների վավերացման հարցով արտաքին մեծ ճնշում է գործադրվում, մասնավորապես, ԱՄՆ-ի կողմից։ Միաժամանակ նա կասկած հայտնեց այդ ճնշումների արդյունավետ լինելու վերաբերյալ։
«Թուրքերի վրա արտաքինից գործադրվող ճնշումը լուրջ է, և այն մեծանում է։ Բայց իրական գործիքները, որոնցով կարելի է նրանց վրա լրջորեն ճնշում գործադրել, շատ չեն, և ես կարծում եմ, որ այդ ճնշումը կարող է չբավարարել, որպեսզի թուրքերը հանձնվեն»,- նկատեց Իսկանդարյանը։
Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-
